Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Թուրքիայի ներկայիս տարածքում մի քանի հազար հայկական եկեղեցիների գերակշիռ մասը ոչնչացվել է: Այս մասին ԵԽԽՎ-ում մշակույթի և ժողովրդավարության խնդիրներին առնչվող զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, 1915 թվականի Ցեղասպանությունից հետո Թուրքիան սկսեց հետևողականորեն իրականացնել մշակութային Եղեռն, որի նպատակը հայերի՝ նաև մշակութային ժառանգության վերացումն է։ ԲՀԿ ղեկավարը ներկաներին ցուցադրել է Թուրքիայի տարածքում գտնվող հայկական ավիրված ու անասնագոմի վերածված եկեղեցիների նկարներ։
«Ես կդժվարանամ մտաբերել, թե այս ամբիոնից մենք քանի անգամ ենք խոսել մշակույթի և ժողովրդավարության, ԵԽ անդամ երկրներում ազգային փոքրամասնությունների կրոնական և մշակութային ժառանգությունը պահպանելու և հարգելու կարեւորության մասին, նաև այն մասին, որ մշակութային վանդալիզմը տեղ չպիտի ունենա մեր կառույցի անդամ որևէ երկրում։ Ես համաձայն եմ այն մեջբերման հետ, որ այսօր, մեր վտանգավոր աշխարհում, մշակույթը դարձել է անվտանգության հարց։ Այո, մշակույթը հզոր միջոց է ազգային փոքրամասնությունների համար՝ պահպանելու իրենց ինքնությունը, նաև մշակույթը հզոր գործիք է՝ կանխելու ծայրահեղականությունն ու անհանդուրժողականությունը, ինչը ներկայիս աշխարհի մարտահրավերներից է»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։
Նա չի համաձայնել զեկուցողի հետ, որ Թուրքիան դրա լավագույն օրինակներից է։ Միգուցե սեփական մշակույթը պահպանելու գործում Թուրքիան ձեզ համար կարող է օրինակ լինել, ասել է հայ պատգամավորը, բայց ավելի լավ կլիներ, որ զեկուցողը հետաքրքրվեր, թե նույն այդ Թուրքիան ինչպե՞ս է վերաբերում ազգային փոքրամասնությունների մշակույթին և կրոնին։
«Ձեր փոխարեն ես կհետաքրքվեի, թե ինչպե՞ս են Թուրքիայի ներկայիս տարածքում ավիրվել հայկական եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների, Թուրքիայի ներկայիս տարածքում մի քանի հազար հայկական եկեղեցական կոթողների գերակշիռ մասը ոչնչացվել է։ 1915 թվականի Ցեղասպանությունից անմիջապես հետո Թուրքիան սկսեց հետևողականորեն իրականացնել մշակութային Եղեռն, որը մինչ օրս շարունակվում է։ Ընդամենը շաբաթներ առաջ հենց թուրքական մամուլը ահազանգեց, որ Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող պատմական Խարբերդ քաղաքի հայկական բողոքական կիսավեր եկեղեցին, որը թուրքերը օգտագործում են որպես անասնագոմ և ավտոկայանատեղի, վերականգնելու փոխարեն պատրաստվում են քանդել, իսկ բացառիկ եկեղեցու տեղում մտադիր են հյուրանոց կառուցել: Թուրքիայում և նրա եղբայր Ադրբեջանում, որտեղ հողին հավասարեցվեց Ջուղայի պատմական խաչքարերի գերեզմանոցը, պետականորեն ծրագրավորված՝ փորձում են վերացնել ցանկացած հայկական հետք: Ուզում եմ հուսալ, որ ձեր հաջորդ զեկույցում դուք ահա այս կարևոր խնդիրներին ևս կանդրադառնաք»,- հույս է հայտնել նա։
Ելույթի վերջում Զոհրաբյանը հայտարարել է, որ Գերմանիայի Բունդեսթագի ազգությամբ թուրք 11 պատգամավոր, ովքեր հունիսի 2-ին կողմ քվեարկեցին Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, Էրդողանի և թուրք ծայրահեղականների կողմից ենթարկվում են լրջագույն սպառնալիքների։ «Անհրաժեշտ է կանխել թուրքական այս ֆաշիզմը, որովհետև մենք գիտենք, թե ի'նչ է նշանակում լինել երիտթուրքերի ժառանգորդը»,- հավելել է ելույթը Զոհրաբյանը։