Գագիկ Ծառուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։ «Ցավոք կրկին ականատես եղանք, որ Հայաստանում իրավունքի գերակայությունը տեղ չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Էմին Խաչատրյանը։ Քննիչների ներկայացրած փաստարկները կանխատեսական դատողություններ են, ծանրակշիռ չեն, իսկ դատարան ներկայացված գործի նյութերից որևէ հանգամանք չի հաստատվում, որ Ծառուկյանը, մնալով ազատության մեջ, կարող է խանգարել գործի քննությանը, դրանք, ըստ պաշտպանի, մերկապարանոց հայտարարություններ են։ Խաչատրյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանին առհասարակ կալանքի տակ պահելու ոչ մի հիմք չկա։ Որոշման դեմ բողոք կներկայացվի։