28.11.2025
Գերագույն հոգևոր խորհրդի նիստը չի կայացել. Մայր Աթոռի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

ԱԺ քննարկեց եւ ընդունեց է ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն էր:


ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի տեղեկացմամբ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին: Նշվել է, որ կողմերը ցանկանում են սահմանել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները` նման հնարավոր հետագա մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագրում յուրաքանչյուր որոշակի դեպքում` յուրաքանչյուր գործողության համար այդ պայմանները սահմանելու փոխարեն:


Հիմնական զեկուցողի խոսքով համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել Եվրոպական միության փորձն ու գիտելիքները: Հաշվի առնելով, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ գործընկերության օրակարգը համալրվել է նաեւ անվտանգային եւ պաշտպանական ոլորտի համագործակցությամբ` համաձայնագիրը հնարավորություն կստեղծի նշյալ ուղղություններով եւս համագործակցության խորացման եւ հետագա ընդլայնման համար:


2025 թվականի հունիսի 30-ին ԵՄ-ից ստացվել է ծանուցում համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին:


Վահան Կոստանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա` համաձայնագրում անորոշություններ կան` կապված համաձայնագրով նախատեսված համագործակցության որոշ դրույթների հետ: Նա հայտնել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արման Եղոյանը` անդրադառնալով ընդդիմադիր գործընկերոջ մտահոգություններին:


Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


ԱԺ նախագահը ներողություն է խնդրել թեմայից շեղվելու համար եւ անդրադարձել Երեւանում օդի աղտոտվածության հիմնախնդրին` նշելով, որ այն հանրապետությունում շատ բարձր է, բարձր է նաեւ մայրաքաղաքում: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ խնդիրն անհրաժեշտ է լուծել օրենսդրական ճանապարհով:


«Ենթադրում եմ, որ կլինեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ինչ-որ խմբերի կվերաբերեն: Բայց մենք պետք է որոշենք` կամ մենք թույն ենք շնչում, տարբեր քաղցկեղային եւ մնացած այլ հիվանդություններից մեր հարազատներին կորցնում, կամ մենք որոշումներ ենք կայացնում»,-մասնավորապես ասել է ԱԺ նախագահը:


Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է օրենքի նախագիծը եւ սպառելով օրակարգը` ավարտել արտահերթ նիստի աշխատանքը:

Զարգացման եվրասիական բանկի կանխատեսումը. ՀՀ տնտեսության աճը բարձր կմնա 2025 թվականին
Հաջորդ նորություն next