Փաշինյանը մեկնաբանել է ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների զեկույցն ու կանխատեսումները
Լուսանկարը` primeminister.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների զեկույցն ու կանխատեսումները՝ ընդգծելով արտաքին կապերի դիվերսիֆիկացման և ինքնիշխանության պաշտպանության անշրջելիությունը։
Նա առանձնահատուկ կարևորել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին պատմական օրենքը, որը հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նախաձեռնել են հենց քաղաքացիները։
Հոկտեմբերի 22-ի կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում գործադիրի ղեկավարը շեշտել է, որ պետության գլխավոր ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հայաստանի անընդհատ զարգացումն ու անկախության պաշտպանությունը։
Անդրադառնալով ԵԱՏՄ գործընկերների հնչեցրած տվյալներին և կանխատեսումներին՝ Փաշինյանը հստակեցրել է դիրքորոշումը. «Իմ արտահայտածից որևէ բան չի փոխվել, այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք, կտեսնենք»։ Նա վերահաստատել է, որ երկիրը վճռականորեն շարունակելու է հարաբերությունների դիվերսիֆիկացիայի ճանապարհը։
Այդ համատեքստում վարչապետը հիշեցրել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին վերջերս ընդունված օրենքի նախապատմությունը՝ այն որակելով աննախադեպ երևույթ հայկական պետականության համար։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և նախաձեռնող խմբերն օգտվել են Սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունից՝ հավաքելով անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը, ինչն էլ հիմք է դարձել նախագիծն Ազգային ժողով ներկայացնելու համար։
«Սա Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր արտահայտություն է, և մենք պատրաստվում ենք նաև մեր երկրում ժողովրդավարությունը նույնպես պաշտպանել»,- եզրափակել է Փաշինյանը։