Խաղաղության պայմանագիրը սպասվում է 2027-2028 թթ․ Փաշինյանը հստակեցրել է ժամկետները
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները՝ նախանշելով 2027-2028 թվականները։ Միաժամանակ, Երևանը չի պատրաստվում սպասել քաղաքական գործընթացի վերջնական ավարտին՝ արդեն իսկ մեկնարկելով TRIPP ենթակառուցվածքային խոշոր նախագծի գործնական աշխատանքները։
Հոկտեմբերի 22-ին կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ կառավարության ղեկավարն անդրադարձել է բանակցային գործընթացի դինամիկային։
«Եթե անհրաժեշտ է ավելի կոնկրետացնել ժամկետները, կարծում եմ՝ մենք խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրենք 2027-2028-ին։ Այս տարի դժվար թե հասցնենք»,- հայտարարել է Փաշինյանը։ Նա պարզաբանել է, որ նախկինում շրջանառվող 2031 թվականը վերաբերում էր 2026-ին ընտրված խորհրդարանի և կառավարության հնգամյա գործունեության ավարտին, ոչ թե պայմանագրի կնքմանը։
Խոսելով հաջորդ քայլերի մասին՝ վարչապետն ընդգծել է Բաքվի հետ շարունակական աշխատանքի անհրաժեշտությունը։ Սակայն նա հստակ տարանջատել է խաղաղության գործընթացը և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) լոգիստիկ նախագծի իրագործումը։
«Իհարկե, հիմա առաջին կարևոր հարցը TRIPP նախագծի իրագործումն է։ Հանկարծ հիմա էլ չմեկնաբանվի, թե ես ասում եմ՝ պետք է կենտրոնանանք խաղաղության համաձայնագրի վրա, ուրեմն TRIPP նախագիծը պետք է սպասի դրանից հետո։ Ոչ մեկը մյուսի հետ կապ չունի»,- շեշտել է նա։
Նախագծի գործնական փուլն արդեն մեկնարկել է։ Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ հոկտեմբերի 22-ից Հայաստանն սկսում է երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները՝ չսպասելով հայ-ամերիկյան համատեղ զարգացման ընկերության պաշտոնական հիմնադրմանը։ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ մինչև շինարարության փուլին հասնելը այդ ընկերությունն արդեն ստեղծված կլինի։
Հիշեցնենք, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։
Փաստաթղթի ներպետական վավերացման գործընթացն արդեն սկսվել է. հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, որը կքննարկվի խորհրդարանի հաջորդ շաբաթվա լիագումար նիստում։