22.10.2026
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
prev Նախորդ նորություն

Հայաստանը սկսել է TRIPP-ի նախագծումը՝ չսպասելով համատեղ ընկերության հիմնադրմանը

Լուսանկարը` gov.am
Լուսանկարը` gov.am

Հայաստանի կառավարությունն անցել է TRIPP ենթակառուցվածքային խոշոր նախագծի գործնական իրագործմանը։ Չսպասելով հայ-ամերիկյան համատեղ զարգացման ընկերության պաշտոնական հիմնադրմանը՝ Սյունիքի մարզում արդեն մեկնարկել են նախատեսվող երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները։


Նախաձեռնության ակտիվ փուլ տեղափոխվելու մասին հայտարարվեց հոկտեմբերի 22-ի կառավարության նիստում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ներկայացնելով ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի հետ համատեղ Սյունիք կատարած աշխատանքային այցի արդյունքները, շեշտեց օպերատիվ գործելու անհրաժեշտությունը։


«Որպեսզի ժամանակ չծախսենք, մենք ճիշտ ենք համարում սկսել նախագծման աշխատանքները այսօրվանից»,- ասել է Գրիգորյանը՝ պարզաբանելով, որ իրականացված նախագծային աշխատանքները հետագայում որպես հայկական կողմի ներդրում կփոխանցվեն նորաստեղծ TRIPP Development Company-ին։


Անդրադառնալով ենթակառուցվածքների ուղեգծերին՝ փոխվարչապետը նշեց, որ երկաթուղու և էներգետիկ ցանցերի անցման ուղղություններն արդեն հստակեցված են։ «Երկաթգծի հետ կապված ամեն ինչ պարզ է, ըստ էության, մեզ համար այդտեղ նոր բան չկա։ Ավելի շատ մենք ուզում էինք տեղում վերջնական, մեկ անգամ ևս հասկանանք ամրաշինական կոնստրուկցիաների վիճակը»,- մանրամասնել է նա։


Միևնույն ժամանակ, ավտոմայրուղու նախագծումը լրացուցիչ հաշվարկներ է պահանջում։ «Ավտոճանապարհի հետ կապված, իհարկե, մոդելավորման հարցեր դեռևս կան, որովհետև կան բարդ անցանելի հատվածներ»,- ընդգծել է Գրիգորյանը՝ հատուկ շեշտելով, որ տարանցիկ ճանապարհը պետք է ունենա շահագործման անվիճելի առավելություն ռեգիոնալ մակարդակով, հակառակ դեպքում ֆինանսական ծախսերը արդյունավետ չեն լինի։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով քննարկումը, կարևորեց տարածաշրջանային հաղորդակցությունների հնարավորինս արագ բացումը երկրի տնտեսական դիմակայունության բարձրացման տեսանկյունից։ «Մենք, ըստ էության, պետք է արձանագրենք, որ մտնում ենք գործնականացման փուլ։ Երբ որ ընկերությունը կհիմնադրվի, կատարված աշխատանքը, այդ թվում՝ որպես մեր ներդրում, կփոխանցվի այդ ընկերությանը»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։


Նախագծային աշխատանքներին զուգահեռ ավարտին է մոտենում նաև նախաձեռնության իրավական ձևակերպումը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ TRIPP Development Company-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացը թևակոխել է եզրափակիչ փուլ։ Բացի այդ, հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական շրջանակային համաձայնագրի վավերացմանը։


Ակնկալվում է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) օրենքի նախագիծն առաջիկա շաբաթվա ընթացքում կդրվի ԱԺ լիագումար նիստի առաջին ընթերցմանը։


Հիշեցնենք, որ TRIPP նախագիծը նպատակ ունի զարգացնել տրանսպորտային և այլ հաղորդակցությունները Հայաստանի տարածքով, այդ թվում՝ ապահովելով կապը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև։


Սկզբունքային պայմանավորվածություններն ամրագրվել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ հռչակագրով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ 2026-ի հունիսին Երևանն ու Վաշինգտոնը ստորագրել են շրջանակային համաձայնագիր, ըստ որի ստեղծվելիք ընկերության բաժնեմասերի 74 տոկոսը պատկանելու է ամերիկյան կողմին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին։ Նախնական 49-ամյա ժամկետի ավարտից հետո հայկական բաժնեմասը հնարավոր կլինի ավելացնել մինչև 49 տոկոս։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
22.10.2026
Փաշինյանը մեկնաբանել է ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների զեկույցն ու կանխատեսումները