Ռուբինյանը չբացառեց՝ նոր Սահմանադրության հարցով Բաքվի հետ քննարկումներ կարող են լինեն
Տրամաբանական է, որ ընդդիմությունը պատրաստվում է դեմ քվեարկել ալիևյան Սահմանադրությանը: Սակայն մի նյուանս կա. Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել Ալիևյան Սահմանադրությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նրա խոսքով, ինքը չի հասկանում ընդդիմությանը, քանզի "չես կարող տեքստը չտեսնել և ասել դա վատ տեքստ է": Լրագրողների պնդմանը, որ Անկախության հռչակագիրն է հանվում Սահմանադրությունից, Ռուբինյանը նշեց, թե չի կարող հանվել այն, քանի որ 0-ից նոր տեքստ է գրվում: Նաև առաջարկեց ընդդիմությանը բավարար քանակով ձայն տալ, կողմ քվեարկել Սահմանադրությանը, իսկ հետո դուրս գան փողոց, գլխավորեն "Ոչ" շտաբը և ասեն, թե ինչու են դեմ.
"Բայց ասեն՝ մենք որոշելու հնարավորությունը տալիս ենք ժողովրդին",- նշեց ԱԺ նախագահը:
Ռուբինյանը չբացառեց, որ ՀՀ նոր Սահմանադրության հարցով Ադրբեջանի հետ քննարկումներ կարող են լինեն.
«Մենք հանգել ենք մի կետի, երբ ընդդիմությունը փոխկապակցել է Սահմանադրության հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ։ Այդ փոխկապակցման համատեքստում հարցեր է բարձրացրել դրանից հետո հնարավոր իրավիճակների վերաբերյալ։ Սրանք հետաքրքիր հարցեր են, և տեսականորեն կարող է այս հարցերի պատասխաններից բխել նաև որոշակի հանգուցալուծում»,– նշեց Ռուբինյանը։
Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք պատասխանները պետք է ստացվեն Ադրբեջանից, ԱԺ նախագահը պատասխանեց՝ բոլո՛ր տեղերից։
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նոր Սահմանադրության ընդունման հարցն իշխանությունների համար փակուղի է մտել, Ռուբինյանը նշեց, որ չկա նման բան: