29.10.2026
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»
prev Նախորդ նորություն

Փաշինյանն Անկախության հռչակագրի տեքստը «հակապետական» է համարում

Կոլաժը` VERELQ
Կոլաժը` VERELQ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1990 թվականի Անկախության հռչակագրի տեքստը որակել է հակապետական՝ պնդելով, որ դրա հիման վրա հնարավոր չէ կառուցել անկախ պետություն։


Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը վերահաստատել է նոր Սահմանադրություն ընդունելու իշխանության մտադրությունը և հայտարարել, որ ընդդիմության աջակցությունը ստանալու հնարավորություն է տեսնում՝ առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների։


«Այդ տեքստով հնարավոր չէ ունենալ անկախ պետություն, այդ տեքստը պետություն ունենալու անհնարինության մասին է»,- հայտարարել է Փաշինյանը՝ անդրադառնալով Անկախության հռչակագրին։


Վարչապետը հիշեցրել է, որ նոր Սահմանադրության ընդունումը ներառված էր «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում։ Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքում խորհրդարանական մեծամասնություն ստանալով՝ իշխող ուժը քաղաքացիներից ստացել է այդ ծրագիրն իրականացնելու մանդատ։


Անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունման ընթացակարգին՝ Փաշինյանը նշել է, որ հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից հետո ընդդիմության հետ համաձայնության հասնելու նոր հնարավորություն է առաջացել։


«Հավանականությունը շատ մեծ է, որ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի, այլ ընդհակառակը՝ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել»,- ասել է նա։


Փաշինյանի գնահատմամբ՝ սահմանադրական փոփոխությունները տարածաշրջանային և միջազգային օրակարգերի հետ կապելով՝ ընդդիմությունն ինքն է հնարավորություն ստեղծել հանրային ճնշման միջոցով ապահովելու նոր Սահմանադրության հանրաքվեի համար անհրաժեշտ պատգամավորական աջակցությունը։


Վարչապետը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ առաջարկ կարող է ներկայացվել ընդդիմությանը։


Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին։ Գործող Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում այդ փաստաթղթին, որն իր հերթին հիմնվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման վերաբերյալ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման վրա։


Փաշինյանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։ Նրա հիմնավորմամբ՝ այդ հղման պահպանումը կնշանակի շարունակել Ղարաբաղյան շարժման տրամաբանությունը, ինչը, ըստ վարչապետի, հակասում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու քաղաքականությանը։


Սահմանադրության փոփոխությունը նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների առարկա է։ Բաքուն դրա փոփոխությունը համարում է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման՝ պնդելով, որ Անկախության հռչակագիրը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Սահմանադրության ընդունումը երկրի ներքին հարցն է և չի կարող քննարկվել Ադրբեջանի հետ։


Նոր Սահմանադրության նախագիծը դեռ չի հրապարակվել։ Փաշինյանի խոսքով՝ փաստաթուղթը կներկայացվի առաջիկայում, որից հետո կսկսվեն հանրային քննարկումները։

 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ