19.10.2026
Լուսանկարը` official site of the Prime Minister of RA
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը ասել է, թե ինչ ուղենիշ ունի Հայաստանի արտաքաին քաղաքականությունը

Լուսանկարը` mfa.am
Լուսանկարը` mfa.am

Գլոբալ աշխարհաքաղաքական և տնտեսական բարդ մարտահրավերների ֆոնին Հայաստանի մայրաքաղաքը վերածվել է միջազգային բնապահպանական դիվանագիտության կենտրոնի՝ հյուրընկալելով ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովը (COP17):


Միջոցառման հանդիսավոր բացմանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ուրվագծել է բազմակողմ դիվանագիտության և բնապահպանական օրակարգի անքակտելի կապը։


Իր ելույթում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ աշխարհն այսօր կանգնած է լրջագույն տրանսֆորմացիաների շեմին, ինչն ուղղակիորեն անդրադառնում է նաև բնապահպանական խնդիրների լուծման վրա։


«Մենք այսօր հանդիպում ենք միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների դարաշրջանում։ Աշխարհագրաքաղաքական լարվածությունը, տնտեսական անորոշությունը և մրցող ազգային առաջնահերթությունները աճող ճնշում են գործադրում միջազգային կառույցների և համագործակցության ձևավորված մեխանիզմների վրա»,- արձանագրել է նախարարը։


Այս համատեքստում նա առանձնացրել է ՄԱԿ-ի անփոխարինելի դերը՝ որպես հավասար և ներառական երկխոսության հարթակ բոլոր պետությունների համար՝ անկախ նրանց ռեսուրսներից կամ քաղաքական տարաձայնություններից։


Անդրադառնալով Հայաստանի ստանձնած հանձնառությանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ արդյունավետ բազմակողմանիությունը հանդիսանում է երկրի արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկը։


«Նախագահությունը դիտարկում ենք ոչ թե որպես ինքնանպատակ, այլև որպես հնարավորություն՝ կողմերին օգնելու ձևավորել վստահություն, հաղթահարել տարբերությունները և առաջ մղել ընդհանուր օրակարգը․․․ Մենք առաջ կգնանք անկողմնակալությամբ, ներառականությամբ և հարգանքով»,- վստահեցրել է ՀՀ գլխավոր դիվանագետը։


Ելույթի առանցքային ուղերձներից էր նաև այն, որ կենսաբազմազանության խնդիրն այլևս զուտ էկոլոգիական չէ, այլ վերաբերում է մարդկության կենսագոյության հիմնասյուներին։


«Կենսաբանական բազմազանության կարևորությունը միջազգային օրակարգում անցնում է շրջակա միջավայրի պահպանության համակարգից անդին․ կլիմայի փոփոխությունը, պարենային անվտանգությունը, կայուն զարգացումը փոխկապակցված են սերտորեն»,- եզրափակել է Միրզոյանը՝ համաժողովի մասնակիցներին կոչ անելով առավել սերտորեն համակարգել քայլերն այս կենսական ոլորտներում։

 Լուսանկարը` mfa.am
19.10.2026
Արարատ Միրզոյանը ասել է, թե ինչ ուղենիշ ունի Հայաստանի արտաքաին քաղաքականությունը