Հայաստանն-Ադրբեջան սահմանազատման գործընթացում անկլավների և էքսկլավների հարցը դեռևս մնում է բաց, սակայն կողմերը հակված են այն մտքին, որ տարածքային նման ձևաչափից պետք է ընդհանրապես հրաժարվել: Այս մասին կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս հարցի շուրջ վերջնական պայմանավորվածություններ դեռ չկան, սակայն ապագա լուծման ուրվագծերն արդեն նշմարվում են։ «Ինչ վերաբերվում է անկլավ-էքսկլավների հետ կապված խնդրին, այդ թեման միշտ էլ ներկա է եղել։ Այլ բան՝ դրա հետ կապված եղե՞լ է պայմանավորվածություն, թե՞ չի եղել։ Այս պահին էլ չկա ոչ մի պայմանավորվածություն, բայց ես զգում եմ, որ ըմբռնումն այդպիսին է»,- նշել է վարչապետը։
Խոսքը վերաբերում է Քյարքիի, Բարխուդարլիի, Սոֆուլուի, Ասկիպարայի և Արծվաշենի միավորներին: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հարցը չդիտարկել բացառապես իրավաբանական տերմինաբանության պրիզմայով՝ առաջ քաշելով բնակավայրերը փաստացի «տեղաշարժելու» և իրենց պետությունների տարածքին միացնելու գաղափարը։ «Գաղափարն այն է, որ սահմանազատումից հետո երկու կողմերում անկլավ-էքսլավ չի լինում»,- պարզաբանել է նա:
Արծվաշենի օրինակով վարչապետը բացատրել է, թե ինչպես կարող է աշխատել այդ մեխանիզմը գործնականում։ Գյուղը չի փակվելու, այլ «վերստեղծվելու» է այնպես, որ բացառվի այլ պետության տարածքի առկայությունը գյուղի և Հայաստանի միջև։ Փաշինյանն ընդգծել է այն իրավիճակի անտրամաբանական լինելը, երբ բնակիչն իր տուն հասնելու համար ստիպված կլինի հատել չորս սահման:
Միևնույն ժամանակ, կառավարության ղեկավարն ընդունել է, որ այս հայեցակարգի իրագործումը կապված է լուրջ տեխնիկական, կոմունիկացիոն և իրավական բարդությունների հետ։ Մասնավորապես, լուծման կարիք ունեն ջրամատակարարման և ճշգրիտ քարտեզագրման խնդիրները։
«Դե յուրե ո՞նց է լինելու, դա հանրաքվեո՞վ է լինելու, թե՞ առանց հանրաքվեի։ Այդ բոլոր հարցերին ես հիմա չեմ կարող պատասխանել, որովհետև դա նաև իրավաբանական վերլուծության հարց է, ես խոսում եմ հնարավոր քաղաքական լուծման մասին»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: