Ադրբեջանը շարունակում է սեղմել պահանջների օղակը Հայաստանի շուրջ: Տարածքային, օրենսդրական, էկոլոգիական պահանջներին ավելացավ ևս մեկը՝ վերահսկել Հայաստանի ջրային ռեսուրսները:
Իհարկե, սա նոր պահանջ չէ՝ ալիևյան լկտի նկրտումները Սևանի նկատմամբ վկա: Բայց նորություն է, որ այդ մասին ասվում է հրապարակայնորեն, պաշտոնական հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ երկու երկրների ղեկավարները այդ հարցը քննարկել են: Այսինքն, սա նշանակում է, որ Բաքուն պատրաստվում է լրջորեն քայլեր գործադրել այս ուղղությամբ, քանզի ժամանակը և հատկապես ջուրը իր համար չափազանց թանկ են:
Եվ այսպես, ի՞նչը գրեթե աննկատ մնաց Փաշինյան-Ալիև հերթական ջերմ հանդիպումից հետո: Ահա այս տողերը, որ առկա էին հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ.
“Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը”:
Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո հարցերը շատ են: Օրինակ, ինչո՞ւ ստեղծել նոր հանձնաժողով, եթե 2021 թվականից գոյություն ունի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, ինչո՞ւ այս հարցերը քննարկել առանձին աշխատանքային խմբի շրջանակում, այլ ոչ արդեն գոյություն ունեցողի: Հարցեր, որոնց պատասխանը իշխանություններից մենք դժվար ստանանք, ինչպես, օրինակ, այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում սահմանազատման գործընթացը և Երևանը որևէ կերպ չի կարողանում ստանալ այդ հարցի պատասխանը (ԱԺ-ում Մհեր Գրիգորյանի լղոզված պատասխանները վկա):
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ջրային ռեսուրսների լրջագույն խնդիր ունի և սա ռազմավարական մարտահրավեր է այդ երկրի համար: Այդ մասին բազմիցս խոսել է նաև Ալիևը՝ չթաքցնելով, որ սեփական երկրի ներսում այս խնդիրը լուծել չի ստացվում: Հետևապես ի՞նչ: Զավթողական տրամադրություններ, որոնց մենք ականատես ենք 2020-ից սկսած՝ Սև լճի մոտակայքում, Սևանա լճի բարձունքներում ադրբեջանցիները ուղղակի տնավորվել են ու բոլորս ենք հասկանում, որ որևէ տեղ չեն գնալու:
2021 թվականի ապրիլին Ալիևը Սևանա լիճն անվանեց «Գյոյչա» և խոստացավ, որ ադրբեջանցիները «վերադառնալու» են այնտեղ՝ Երևան վերադառնալու հարցի կոնտեքստում: Անցած տարիներին բացահայտ նկրտումները Սևանի նկատմամբ Ալիևը չի թաքցրել և ՀՀ իշխանությունների ջայլամային քաղաքականության ֆոնին կոչ արել ադրբեջանցիներին վերադառնալ Հայաստան, քանի որ դա «տրամաբանական և արդարացի է»:
Ի՞նչ կարող է անել Ադրբեջանը, եթե ՀՀ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, նրան տա այդ հնարավորությունը (ինչն այլևս կասկածի տեղիք չի թողնում դուբլինյան հանդիպումից հետո): Օրինակ, Ադրբեջանը կարող է պնդել և հասնել ՀՀ հետ համաձայնագրի կնքման, որը, փաստացի, միակողմանի բնույթ է կրելու, քանզի, հիշեցնենք, Ադրբեջանից Հայաստան հոսող գետեր մենք չունենք, իսկ Հայաստանից այնտեղ հոսող մի քանիսն են: Ադրբեջանը այդ համաձայնագրով կարող է պահանջել և ստանալ հնարավորություն այդ ջրերի կառավարմանը մասնակից դառնալու:
Ասենք՝ արգելել այդ գետերի այս կամ այն հատվածում ՀԷԿ-երի կառուցմանը, դրանց վերակառուցմանը խոչընդոտել, պահանջել և ստանալ տվյալներ ընդհանուր օգտագործման և այլ գաղտնի տեղեկությունների մասով: Ի վերջո, Ադրբեջանը կարող է պահանջել չկառուցել ջրամբար, քանի որ դա, իր տեսանկյունից, նվազեցնում է ՄԵՐ գետերի հոսքը դեպի իր երկիր, և Փաշինյանը վստահաբար այս նկրտումներին կասի “այո”:
Էլ չենք խոսում այն մասին, որ ադրբեջանցիները 2020 թվականից փաստացի ծվարել են Սևանի բարձունքներում և հարմար առիթ ստանալու դեպքում Սևանա լճի մի մասը իրենցով կանեն: Դե, խանգարող դժվար գտնվի, եթե այս տեմպերով շարունակի թե՛ Նիկոլը, թե՛ ընդդիմությունը:
Եկեք չմոռանանք, որ Արցախը Ադրբեջանին հետաքրքիր էր նաև իր ջրային ռեսուրսներով և այն սկուտեղի վրա ստանալով՝ Բաքուն տիրացավ տարածաշրջանի ռազմավարական նշանակություն ունեցող խոշորագույն ջրային ավազաններին՝ Սարսանգ, Մատաղիս, Խաչենագետ ջրամբարներին, հիդրոէներգետիկ ենթակառուցվածքներին, գետերին, որոնք որոշակիորեն մեղմեցին իր ծանր վիճակը և թույլ տվեցին թեթևացնել հարթավայրային շրջանների ոռոգման ու խմելու ջրի սուր խնդիրը: Բայց այդ խնդիրը դեռ պահպանվում է, հետևաբար Բաքուն գալու է նաև Հայաստան դրանց լուծման համար:
Եվ ամենակարևորը. 2021-ի հունվարի 26-ին այն ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե “Որոտան և Արփա գետերի` Սևանա լիճը սնող ակունքները Ադրբեջանի վերահսկողության տակ են”: Այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց և քիչ անց նախարարությունը պաշտոնապես պարզաբանում տարածեց, թե նախարարը դա նկատի չուներ (ինչպես միշտ), նրա հնչեցրած պատասխանը վերաբերվել է ոչ թե նշված գետերի անմիջական ակունքներին, այլև՝ Որոտան և Արփա գետերի ջրահավաք ավազանների մաս կազմող որոշակի տարածքների, որտեղ կան տվյալ գետերը սնուցող աղբյուրներ, որոնք Սևանա լիճը սնող ջրահավաք ավազանի վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ… Իսկ գուցե Ռոմանոս Պետրոսյանը ընդամենը ժամանակից առա՞ջ էր ընկել և «оговорка по Фрейду» սկզբունքով բացահայտել այն, ինչ իր անմիջական ղեկավար Փաշինյանը իր “բարեկիրթ” գործընկեր Ալիևի հետ քննարկում է փակ դռների ետևում: Կարծես, պատասխանը շատ մոտ է ու դարձյալ լինելու է ցավոտ հայ ժողովրդի համար:
Լիա Խոջոյան