26.11.2026
Կոլաժը` VERELQ
prev Նախորդ նորություն

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի կառավարությունը հերթական քայլն է կատարել հայ-ամերիկյան TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ՝ հավանություն տալով նախագծի զարգացման ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք համաձայնագրին։ Փաստաթուղթը կկարգավորի ընկերության կառավարման հարցերը և հայկական ու ամերիկյան կողմերի իրավահարաբերությունները։


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը լիազորվել է Հայաստանի կառավարության անունից համաձայնագիրը ստորագրել ամերիկյան «TDC US Inc.» ընկերության հետ։


Համաձայնագրով կսահմանվեն «ընկերության բաժնետերերի իրավասություններն ու փոխհարաբերությունները», ինչպես նաև բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների իրականացման առանձնահատկությունները։


Ընկերության բաժնետերերը կլինեն Հայաստանի կառավարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային (DFC) ամբողջությամբ պատկանող «TDC US Inc.» ընկերությունը։ Բաժնետոմսերի 74%-ը սկզբնական փուլում կպատկանի ամերիկյան, իսկ 26%-ը՝ հայկական կողմին։


Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է հոկտեմբերի 28-ին՝ 63 կողմ և 32 դեմ ձայներով։ Նոյեմբերի 12-ին խորհրդարանն ընդունել է նաև TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման և կառավարման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը։


Նոյեմբերի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին։ Նույն օրը Սյունիքի մարզում սկսվել էին նախագծով նախատեսված երկաթուղու նախագծման աշխատանքները։


TRIPP նախագծի իրականացման շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում։ Նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային կապի ենթակառուցվածքների զարգացում։

 Լուսանկարը` primeminister.am
26.11.2026
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին