19.11.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ․ Փաշինյան

Կոլաժը` VERELQ
Կոլաժը` VERELQ

Հայաստանի նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ, սակայն դրա հետագա լրամշակումը պետք է մնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում։ Այս մասին նոյեմբերի 19-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ազդարարելով սահմանադրական գործընթացի գործնական փուլի մեկնարկը։


«Հաջորդ շաբաթ կհրապարակվի սահմանադրության նախնական նախագիծը»,- ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ փաստաթղթում արտացոլված են քննարկումների, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ներկայացված հիմնական քաղաքական մոտեցումները։


Անդրադառնալով նախորդ օրվա խորհրդարանական քննարկումներին՝ վարչապետը «Հայաստան» խմբակցությունից պահանջել է հստակեցնել՝ արդյոք այն հավատարիմ է ՀՅԴ-ի «Միասնական Հայաստանի» տեսլականին։ Փաշինյանի գնահատմամբ՝ այդ դիրքորոշումն անմիջականորեն առնչվում է նոր Սահմանադրության դեմ ընդդիմության առարկություններին և Անկախության հռչակագիրը պահպանելու շեշտադրումներին։


«1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից դաշնակցական Հայաստանի»,- հայտարարել է նա։


Վարչապետը պնդել է, որ հռչակագրում Արևմտյան Հայաստանի հիշատակումը և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորմանն առնչվող հղումը պետությունը ներքաշում են հակամարտության տրամաբանության մեջ։ «Մենք պետք է Հայաստանի Հանրապետությունը դուրս դնենք կոնֆլիկտային տրամաբանությունից»,- ասել է Փաշինյանը։


Նա «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններից պահանջել է նաև հստակեցնել դիրքորոշումը Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս հայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ։ Փաշինյանի պնդմամբ՝ այդ հարցի առաջադրումը կարող է հանգեցնել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ հակադարձ պահանջների, իսկ փոխադարձ պահանջների տրամաբանությունը՝ նոր բախման։


Նոր Սահմանադրության լրամշակման հնարավորության մասին խոսելիս վարչապետն ընդգծել է․ «Դա պետք է լինի իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակում»։


Գործող Սահմանադրության նախաբանը հղում է անում 1990 թվականի Անկախության հռչակագրին։ Վերջինիս նախաբանում հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, իսկ Արևմտյան Հայաստանը նշված է 11-րդ կետում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում։


Միաժամանակ Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրել է, որ նախաբանի հղումը Սահմանադրության բովանդակության մեջ չի ներառում հռչակագրի այն սկզբունքներն ու նպատակները, որոնք Սահմանադրությամբ ամրագրված չեն։


Սահմանադրության հարցը շարունակում է տարաձայնություն մնալ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում։ Բաքուն հռչակագրին հղումը համարում է խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ, մինչդեռ Երևանը պնդում է, որ Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում։ Նոյեմբերի 7-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը փոփոխություն չի պահանջում, սակայն գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում չի ցանկանում ստորագրել ու վավերացնել համաձայնագիրը։


Նոյեմբերի 10-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել է նախագծի ավելի քան 90 տոկոսը։ Նրա խոսքով՝ հրապարակումից հետո նախատեսվում են լայն հանրային քննարկումներ։


Ընդդիմադիր մի շարք ուժեր նոյեմբերի 8-ից Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացնում նոր Սահմանադրության ընդունման դեմ՝ պնդելով, որ գործընթացն իրականացվում է Ադրբեջանի պահանջով։

 Կոլաժը` VERELQ
19.11.2026
Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ․ Փաշինյան