19.11.2026
«Տիր» օդաճնշիչ հրացանով կրակոց է արձակել՝ պատահաբար վիրավորելով ազգականին
prev Նախորդ նորություն

Հաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրը

Լուսանկարը` b24.am
Լուսանկարը` b24.am

Տարեկան միջինը 6 տոկոս տնտեսական աճ, 125 հազար նոր աշխատատեղ և աղքատության նվազում՝ 5 տոկոսային կետով․ Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 19-ին հաստատել է 2026–2031 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը՝ սահմանելով առաջիկա տարիների տնտեսական, սոցիալական և արտաքին քաղաքական թիրախները։


Փաստաթուղթը ներառում է 733 միջոցառում՝ վեց հիմնական ուղղություններով։ Այն կառավարության ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզն է՝ միջոցառումների ժամկետներով, պատասխանատուներով, ցուցանիշներով և կողմնորոշիչ բյուջեով։ «Նախատեսվող բարեփոխումները հիմնված են «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա»,- ծրագիրը ներկայացնելիս ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


Արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում են Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդումն ու դրա համար կայուն մեխանիզմների ձևավորումը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ու սահմանների լիարժեք բացումը։ Նախատեսվում է նաև խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները՝ անդամակցության հեռանկարով, և հասնել Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման։


Նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև 2029 թվականը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումն ավելի իրատեսական է գնահատել՝ հատկապես քաղաքական հարաբերությունների զարգացման համատեքստում։ Նա կարևորել է կենսաչափական անձնագրերի ներդրումն ու սահմանների կառավարման բարեփոխումները։


Տնտեսության ոլորտում կառավարությունը նպատակադրում է առնվազն կրկնապատկել տեղական ծագման ապրանքների արտահանումը, արդյունաբերական արտադրանքի թողարկումն ավելացնել 50 տոկոսով, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի արժեքը՝ առնվազն 50 տոկոսով։ Նախատեսվում է նաև կրկնապատկել հացահատիկի արտադրությունը։ Այս թիրախներին հասնելու հիմնական միջոցներ են դիտարկվում արտադրողականության բարձրացումն ու տնտեսության դիվերսիֆիկացումը։


Սոցիալական ուղղությամբ, աղքատության կրճատումից բացի, նախատեսվում է Հայաստանի ամբողջ բնակչությանը ներառել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։


Ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակում կառավարությունը մտադիր է սկսել տասը ջրամբարի կառուցում՝ աշխատանքները մինչև 2033 թվականն ավարտելու նպատակով։ Նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 350 կիլոմետր ջրանցք և խողովակաշար, իսկ Երևանում, Գյումրիում ու Վանաձորում ապահովել շուրջօրյա ջրամատակարարում։


Էներգետիկ ոլորտում ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային համակարգերի հետ ինտեգրում, 1000 մեգավատտ հզորությամբ արևային և 800 մեգավատտ հզորությամբ կուտակիչ կայանների գործարկում։


Պետական կառավարման և արդարադատության բարեփոխումների առաջնահերթություններից են ապօրինի, այդ թվում՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձի մեխանիզմների կատարելագործումը և պետական ու համայնքային բոլոր հիմնական ծառայությունների թվայնացումը։


 

 Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
19.11.2026
Սահմանադրության մերժման դեպքում հրաժարական կտամ, ընդունման դեպքում չեմ առաջադրվի. Փաշինյան