Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի՝ երբ դիմել Եվրամիությանն անդամակցելու համար, իսկ հայտին ընթացք տալու հարցը կորոշեն ԵՄ անդամ երկրները։
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այսպես է արձագանքել ՍիվիլՆեթի հարցին՝ չգնահատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած՝ 2027 կամ 2028 թվականին հայտ ներկայացնելու ժամկետների իրատեսականությունը։
Նոյեմբերի 16-ին Բրյուսելում Կոսը նշել է, որ առաջին քայլը Հայաստանի կառավարությանն է։
«Ինչ վերաբերում է թեկնածուի կարգավիճակ ստանալու համար դիմելու հնարավորությանը, ապա այդ հարցը կորոշի նրանց կառավարությունը։ Երբ ստանանք դիմումը, անդամ երկրները կկայացնեն որոշումը»,- ասել է եվրահանձնակատարը։
Նա չի հստակեցրել՝ արդյոք ԵՄ անդամ երկրները պատրաստ կլինեն Հայաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել։
Փաշինյանը 2027 կամ 2028 թվականին անդամակցության հայտ ներկայացնելու հնարավորության մասին հայտարարել էր նոյեմբերի 3-ին Բրյուսելում՝ Euronews-ի՝ ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովում։
Հայաստանի Ազգային ժողովը 2025 թվականի մարտին ընդունել է ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Այն, սակայն, անդամակցության պաշտոնական հայտ չէ և Հայաստանին թեկնածու երկրի կարգավիճակ չի տալիս։ Հայտի ներկայացումից հետո Եվրահանձնաժողովը կարող է գնահատել երկրի պատրաստվածությունն ու եզրակացություն ներկայացնել, իսկ թեկնածուի կարգավիճակի հարցը որոշում են անդամ պետությունները։
Երևանը Եվրամիության հետ հարաբերությունները խորացնում է՝ միաժամանակ մնալով Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միության անդամ։ Փաշինյանը նախկինում ընդունել է, որ երկու միություններին միաժամանակ անդամակցել հնարավոր չէ, սակայն հայտարարել է, որ այս փուլում ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա։
Կոսը ՍիվիլՆեթին տված պատասխանում անդրադարձել է նաև Հայաստանին տրամադրվող տնտեսական աջակցությանը՝ այն կապելով Ռուսաստանի ճնշումների հետ։
«Իհարկե, մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ակտիվ ներգրավված ենք Հայաստանին աջակցելու գործում, հատկապես տնտեսությանն աջակցելու հարցում, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից ճնշումների պատճառով»,- ասել է նա։
Հոկտեմբերից Հայաստանի համար գործում են ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնությունները, որոնց շրջանակում Եվրամիություն արտահանվող հայկական ապրանքների շուրջ 80 տոկոսն ազատվել է մաքսատուրքերից։