16.11.2026
Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանը՝
prev Նախորդ նորություն

«Բա ո՞վ է գնալու բանակ ծառայի»․ Մանուկյանը քննադատել է զինծառայության արտոնությունները

Լուսանկարը՝ parliament.am
Լուսանկարը՝ parliament.am

Հայաստանում ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերով սովորողներին առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել, իսկ հետագայում ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում տասը տարի անընդմեջ ծառայելու դեպքում՝ նրանց զինծառայության պարտականությունը համարել կատարված։


Նախաձեռնությունը նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում բանավեճ է առաջացրել իշխանության և ընդդիմության պատգամավորների միջև։


ՆԳՆ ներկայացրած օրենսդրական փաթեթը նախատեսում է մեկուկես տարվա միջին մասնագիտական կրթություն, որին կհաջորդի ծառայությունը ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում։ Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ փոփոխությունը դպրոցն ավարտած երիտասարդներին հնարավորություն կտա անմիջապես ընտրել այդ մասնագիտությունները և կբարձրացնի ծառայությունների գրավչությունը։ Գործող կարգավորմամբ համապատասխան ուսումնական հաստատություն ընդունվելու համար, որպես կանոն, պահանջվում է նախապես անցած լինել պարտադիր զինվորական ծառայությունը։


«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է զինծառայությունից ազատման արտոնությունների ընդլայնումը՝ զգուշացնելով բանակի համալրման և զինվորների կրթական մակարդակի հետ կապված խնդիրների խորացման մասին։


«Բա ո՞վ է գնալու բանակ ծառայի, ո՞վ»,- հարցրել է նա։


Մանուկյանն իր քննադատության մեջ անդրադարձել է նաև աշխարհի լավագույն 50 համալսարաններում սովորողների համար նախատեսված արտոնություններին։ Նրա գնահատմամբ՝ կրթված երիտասարդներին և տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներին զինծառայությունից ազատելը կարող է բացասաբար անդրադառնալ բանակի վրա։


«Գործընկերներ, նաև մենք սրանով բանակում որակի մեծ խնդիր ենք սարքում։ Գրագետ զինվորի պակաս կա»,- հայտարարել է պատգամավորը։


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հակադարձել է, որ արտասահմանյան առաջատար բուհերի ուսանողների համար նախատեսված կարգավորումների նպատակը բարձր որակավորում ունեցող մասնագետների վերադարձը Հայաստան խրախուսելն է։ Նրա խոսքով՝ այդ մոտեցումը թույլ կտա նրանց գիտելիքներն օգտագործել երկրի պետական և մասնավոր հատվածներում։


«Ասում ենք՝ եղբայր, չես ծառայում, բայց ծառայելու ես քաղաքացիական ոլորտում, քո աշխատանքային կարիերան սկսում ես այստեղից»,- ասել է Խաչատրյանը։


Անդրադառնալով ՆԳՆ նախաձեռնությանը՝ իշխանական պատգամավորը նշել է, որ արտոնությունը նախատեսվում է տարածել ընդունելության մոտ 70 տեղի վրա։ Նա պնդել է, որ դիմորդների միջև մրցակցությունը անհրաժեշտ է ծառայությունների որակը բարձրացնելու համար։


Աշխարհի լավագույն 50 համալսարաններում սովորողների վերաբերյալ առանձին կարգավորումն ընդունվել է ավելի վաղ՝ 2026 թվականին։ Այն նախատեսում է տարկետում, իսկ ուսումն ավարտելուց հետո Հայաստանում կառավարության սահմանած ոլորտներում առնվազն երեք տարի աշխատելու պայմանը կատարելու դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն։

 Լուսանկարը՝ informat.ro
16.11.2026
Ռումինիան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կքննարկի Սև ծովի անվտանգությունը