12.11.2026
Լուսանկարը` 168.am
prev Նախորդ նորություն

Թորոսյանը չի կապում Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը ԵՄ-ին հարցում նրա դիրքորոշման հետ

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից

Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը չի կարծում, որ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը կապված է եղել Եվրամիությանն անդամակցելու հարցում նրա դիրքորոշման հետ։


Նոյեմբերի 12-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը հայտարարել է, որ իշխող քաղաքական թիմում տարբեր կարծիքների առկայությունը բնական է, իսկ Գրիգորյանի՝ եվրաինտեգրման քաղաքականությունը քննադատող հոդվածը կարող է նաև օգտակար լինել իշխանությունների համար։


ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 11-ին հրապարակած «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը գնահատել է անիրատեսական՝ պնդելով, որ այդ նպատակին հասնելու փորձերը կարող են ոչ թե նվազեցնել, այլ ավելի խորացնել երկրի կախվածությունը Ռուսաստանից։


Նրա գնահատմամբ՝ ԵՄ անդամակցության օրակարգը կարող է սահմանափակել Հայաստանի արտաքին քաղաքական մանևրելու հնարավորությունները, վտանգել տնտեսական կայունությունը և բարդացնել հարաբերությունները տարածաշրջանային գործընկերների հետ։ Գրիգորյանը նաև մտահոգություն է հայտնել, որ եվրաինտեգրման շուրջ քաղաքական օրակարգը կարող է ստվերել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման խնդիրները։


Լրագրողները Թորոսյանից հետաքրքրվել են՝ արդյոք Գրիգորյանը նախկինում ևս նման դիրքորոշում է ունեցել իշխանության ներսում, և որքանով են նրա հրապարակած տեսակետները հակասում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության քաղաքականությանը։


Նախարարը չի համաձայնել, թե խոսքը կտրուկ կամ տրամագծորեն հակառակ դիրքորոշումների մասին է՝ ընդգծելով, որ քաղաքական թիմում տարբեր հարցերի շուրջ մշտապես քննարկումներ են տեղի ունենում։ «Մեր քաղաքական թիմում կան բազմաթիվ կարծիքներ տարբեր հարցերի մասին, որոնք միշտ քննարկվում են։ Ես էլ ունեմ տարբերվող կարծիքներ շատ հարցերում իմ գործընկերներից»,- ասել է Թորոսյանը։


Նրա խոսքով՝ ներքին քննարկումների, երբեմն նաև քվեարկությունների արդյունքում կայացվում են որոշումներ, որոնց համար քաղաքական թիմը կրում է հավաքական պատասխանատվություն։ Նախարարը շեշտել է, որ առանձին հարցերում տարաձայնություններ ունենալն ինքնին արտառոց երևույթ չէ։


Հարցին՝ արդյոք ինքը կիսում է Գրիգորյանի հոդվածում արտահայտված մտքերը, Թորոսյանը միանշանակ պատասխան չի տվել՝ պարզաբանելով, որ հնարավոր է համաձայն լինել հոդվածի մի հատվածի հետ, իսկ մյուսի հետ՝ ոչ։


Նա նշել է, որ արդեն ընթերցել է հոդվածը, սակայն մտադիր է ևս մեկ անգամ անդրադառնալ դրան։ Թորոսյանի խոսքով՝ անհրաժեշտ է ուսումնասիրել տարբեր տեսակետներ, հետևել տարածաշրջանային զարգացումներին և մշտապես վերագնահատել իրավիճակը նոր տեղեկությունների հիման վրա։


Նախարարը չի բացառել նաև, որ Գրիգորյանի հրապարակումը կարող է օգտակար լինել հենց իշխանությունների համար՝ հավելելով, որ դրա նշանակությունը ցույց կտա ժամանակը։


Լրագրողները հետաքրքրվել են նաև՝ արդյոք եվրաինտեգրման հարցում Գրիգորյանի դիրքորոշումը կարող էր պատճառ դառնալ նրա պաշտոնանկության համար։ «Չեմ կարծում, չեմ կարծում»,- պատասխանել է Թորոսյանը՝ հիշեցնելով, որ Գրիգորյանը շուրջ ութ տարի զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իսկ քաղաքական գործիչները տարբեր փուլերում պաշտոններ են զբաղեցնում և հետագայում հեռանում դրանցից։


Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Գրիգորյանը կարող է իշխանության ներսից ձևավորվող նոր ընդդիմադիր բևեռի մաս դառնալ, նախարարը նշել է, որ այդ մասին պետք է հարցնել հենց նախկին պաշտոնյային։ «Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, ցանկացած մարդ կարող է զբաղվել օրենքով սահմանված ցանկացած բանով»,- հայտարարել է Թորոսյանը։


Արմեն Գրիգորյանը, որը 2018 թվականից զբաղեցնում էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է 2026 թվականի օգոստոսի 13-ին։ Նրա հեռացման պատճառների վերաբերյալ պաշտոնական մանրամասն բացատրություն չի ներկայացվել։


Հայաստանի Ազգային ժողովը 2025 թվականի մարտին ընդունել էր Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Սակայն այդ որոշումը չի նշանակում ԵՄ-ին անդամակցության հայտի ներկայացում կամ անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկ։

 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
12.11.2026
Թորոսյանը չի կապում Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը ԵՄ-ին հարցում նրա դիրքորոշման հետ