12.11.2026
Լուսանկարը՝ Sputnik Արմենիա
prev Նախորդ նորություն

Կառավարությունը 173 մլն դրամ հատկացրեց «Արենի» խաղողի մթերմանը

Լուսանկարը` mineconomy.am
Լուսանկարը` mineconomy.am

Հայաստանում գինու արտադրության համար նախատեսված «Արենի» տեսակի խաղողի մի մասը կօգտագործվի սպիրտի արտադրության նպատակով։


Կառավարությունը նոյեմբերի 12-ի նիստում որոշել է շուրջ 173 մլն դրամի աջակցություն տրամադրել այդ խաղողի մթերումն իրականացրած ընկերությանը՝ իրացման խնդիրներից խուսափելու և խաղողի այգիները պահպանելու համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս տարվա բերքի մթերման խնդիրը լուծվել է, սակայն պետական աջակցությունը ժամանակավոր միջոց է։


Նախարարի ներկայացմամբ՝ վերջին տարիներին գինեգործական ընկերություններն ավելի հաճախ են նախընտրում գինի արտադրել սեփական խաղողի այգիներում աճեցված բերքից։ Դա թույլ է տալիս վերահսկել հումքի որակը և ապահովել արտադրանքի հետագծելիությունը, սակայն միաժամանակ դժվարություններ է ստեղծում այն գյուղացիների համար, որոնք խաղող են աճեցնում՝ վերամշակող գործարաններին վաճառելու նպատակով։


Պապոյանի տվյալներով՝ 2026 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 5400 տոննա «Արենի» տեսակի խաղող, որից մոտ 2900 տոննան պատկանել է գինեգործական ընկերություններին կամ մթերվել նրանց կարիքների համար։ Մնացած շուրջ 2500 տոննայի իրացման խնդիր է առաջացել։


Քանի որ «Արենին» հիմնականում բարձրորակ գինու արտադրության համար նախատեսված տեսակ է, իսկ դրա շուկայական գինը զգալիորեն գերազանցում է սպիրտի արտադրության համար մթերվող տեխնիկական խաղողի արժեքը, կառավարությունը որոշել է ֆինանսապես խրախուսել վերամշակողներին։


Ընդունված որոշմամբ՝ Վայոց ձորում աճեցված «Արենի» տեսակի խաղողն առնվազն 800 տոննա ծավալով և կիլոգրամը նվազագույնը 210 դրամով մթերելու դեպքում տնտեսավարողներին յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց կտրամադրվի 70 դրամ սուբսիդիա։ Համեմատության համար՝ տեխնիկական խաղողի մթերման գինն այս տարի տատանվել է 135-150 դրամի սահմաններում, մինչդեռ «Արենիի» շուկայական արժեքը կազմել է 200-250 դրամ և ավելի։


Ըստ նախարարի՝ ծրագրի շրջանակում Գետափի գինու գործարանը տեխնիկական նպատակներով արդեն մթերել է 2478 տոննա «Արենի» խաղող, որի դիմաց նախատեսված պետական աջակցությունը կազմում է շուրջ 173 մլն դրամ։


«Մենք փաստացի մի ամբողջ տարածաշրջանի բնակչության խնդիրը լուծեցինք, բայց միևնույն ժամանակ պահպանելով նաև այգիները, այգիների խնդիրն ենք լուծել»,- հայտարարել է Պապոյանը։


Նախարարի խոսքով՝ պետական միջամտության նպատակը նաև տարածաշրջանին բնորոշ խաղողի այս տեսակի այգիների պահպանումն է։ Միաժամանակ կառավարությունը նախատեսում է խթանել փոքր գինեգործական արտադրությունների զարգացումը և ստեղծել գինու զբոսաշրջության կլաստեր, որպեսզի խաղողագործները հետագայում կարողանան սեփական արտադրանքը վաճառել ավելի բարձր ավելացված արժեքով։


«Սրանք ժամանակավոր միջոցներ են։ Ի վերջո, մեր նպատակը նա է, որ այդ փոքր արտադրողները իրենք փոքր արտադրություններ ունենան»,- ընդգծել է Պապոյանը։


Քննարկման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձրացրել է նաև մթերվող խաղողի տեսակի ստուգման հարցը։ Նա մտահոգություն է հայտնել, որ առանց խաղողի այգիների հստակ հաշվառման և թվային նույնականացման հնարավոր է պետական աջակցությունը տրամադրել նաև այլ տեսակների խաղողի մթերման համար։


Պապոյանը հավաստիացրել է, որ մթերման ընթացքում մարզպետարանի և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները տեղում ստուգել են խաղողի տեսակը՝ յուրաքանչյուր խմբաքանակի ընդունումից առաջ։ Միաժամանակ նա ընդունել է, որ խաղողի այգիների և մթերման գործընթացի թվային հաշվառման նախատեսված համակարգը դեռ ամբողջությամբ չի գործարկվել։ Նախարարի խոսքով՝ իտալացի գործընկերների մասնակցությամբ մշակված համակարգի ներդրումը թույլ կտա հետագայում թվայնացնել ոչ միայն «Արենիի», այլև մյուս գյուղատնտեսական արտադրանքի մթերման գործընթացը։


Անդրադառնալով խաղողի մթերման ընդհանուր արդյունքներին՝ Պապոյանը հայտնել է, որ այս տարի Հայաստանում մթերվել է շուրջ 200 հազար տոննա խաղող՝ նախապես նախատեսված 180-185 հազար տոննայի փոխարեն։ Նրա խոսքով՝ լրացուցիչ մթերումների մի մասը պայմանավորված է եղել արտահանման սահմանափակումներով, որոնց հետևանքով վերամշակման են հանձնվել նաև սեղանի և այլ տեսակների խաղող։


«Այս տարի էլ, անցած տարի էլ, 2024-ին էլ մեկ կիլոգրամ խաղող ոչ մի տեղ չի մնացել դաշտում»,- հայտարարել է նախարարը։


Միաժամանակ Մհեր Գրիգորյանn ուշադրություն է հրավիրել արդեն մթերված խաղողից ստացված արտադրանքի իրացման խնդրի վրա։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է դիտարկել նաև սպիրտի հնեցման խրախուսման հնարավորությունը, ինչը կարող է նպաստել արտադրանքի արժեքի բարձրացմանը և լրացուցիչ ժամանակ տրամադրել արտահանման նոր շուկաներ գտնելու համար։


Պապոյանն իր հերթին նշել է, որ կառավարությունն աջակցում է նաև արտահանմանը, իսկ Եվրասիական տնտեսական միության շուկան շարունակում է կարևոր նշանակություն ունենալ հայկական արտադրանքի իրացման համար։

«Հաղթանակ» կամրջի երթևեկությունը գիշերը ժամանակավորապես կդադարեցվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
12.11.2026
Թորոսյանը չի կապում Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը ԵՄ-ին հարցում նրա դիրքորոշման հետ