2.11.2026
Լուսանկարը՝ ՌԲԿ-ի
prev Նախորդ նորություն

Հայաստանի բոլոր սահմանները կանցնեն հայ սահմանապահների վերահսկողության ներքո. Փաշինյան

Լուսանկարը՝ primeminister.am
Լուսանկարը՝ primeminister.am

Հայաստանը մտադիր է աստիճանաբար իր սահմանապահ զորքերի վերահսկողությանը փոխանցել պետական սահմանի բոլոր հատվածների պահպանությունը՝ այդպիսով շարունակելով նաև ռուս սահմանապահների գործառույթների կրճատման գործընթացը։


Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետի խոսքով՝ սահմանների պահպանությունն ամբողջությամբ հայկական սահմանապահ ծառայությանը փոխանցելու համար անհրաժեշտ է շարունակել վերջինիս կարողությունների զարգացումն ու բարեփոխումները։


«Այս գործընթացը պետք է բարեփոխումների որոշակի ճանապարհ անցնի»,- նշել է Փաշինյանը։


Հայաստանի իշխանություններն արդեն մի քանի տարի աստիճանաբար ընդլայնում են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատասխանատվության շրջանակը՝ նրանց փոխանցելով նախկինում ռուս սահմանապահների կողմից վերահսկվող անցակետերն ու սահմանի առանձին հատվածները։


Մասնավորապես, 2024 թվականի օգոստոսից ռուս սահմանապահները դադարեցրել են ծառայությունը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, իսկ 2025 թվականի հունվարից՝ Իրանի հետ սահմանին գտնվող «Ագարակ» անցակետում։


2025 թվականի մարտից բացառապես հայկական սահմանապահներն են ծառայություն իրականացնում Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետում, իսկ 2026 թվականի սկզբից՝ նաև «Ախուրիկ» անցակետում։


Այսպիսով, Հայաստանի պետական սահմանի բոլոր գործող անցակետերն արդեն գտնվում են հայկական սահմանապահ զորքերի լիարժեք վերահսկողության ներքո։ Սակայն դա չի նշանակում, որ ռուս սահմանապահներն ամբողջությամբ հեռացել են Հայաստանի տարածքից։ Նրանք շարունակում են մասնակցել Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանի որոշ հատվածների պահպանությանը՝ 1992 թվականին կնքված հայ-ռուսական միջպետական համաձայնագրի հիման վրա։


Դեռ ապրիլի 30-ին Փաշինյանը հայտարարել էր, որ այդ համաձայնագրով նախատեսվում է հայկական սահմանապահ զորքերի կարողությունների զարգացմանը զուգահեռ պետական սահմանի վերահսկողությունն աստիճանաբար փոխանցել հայկական կողմին։


Վարչապետը նախկինում նաև հայտնել էր, որ իշխանությունները նպատակ ունեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատված հատվածներում բանակի ստորաբաժանումները աստիճանաբար փոխարինել սահմանապահներով՝ խաղաղության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմանը զուգահեռ։


Սահմանների ամբողջական վերահսկողությունը հայկական սահմանապահ ծառայությանը փոխանցելու վերջնական ժամկետներ առայժմ չեն հրապարակվել։

 Լուսանկարը՝ primeminister.am
02.11.2026
Հայաստանի բոլոր սահմանները կանցնեն հայ սահմանապահների վերահսկողության ներքո. Փաշինյան