Երևանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների մասնակցությամբ կաշառքի ենթադրյալ դեպքերի վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել տասը անձի։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ պաշտոնյաները գումարներ են ստացել ծննդյան վկայական տրամադրելու, զինվորական ծառայությունից ազատելու և հողային գործարքներ կազմակերպելու համար։ Վեց մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են կաշառք ստանալու և տալու մի քանի դրվագներ, որոնցում ներգրավված են եղել Երևանի քաղաքապետարանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և քաղաքաշինության ոլորտների աշխատակիցներ։
Քննության տվյալներով՝ քաղաքապետարանի Կենտրոնի և Նորք Մարաշի ՔԿԱԳ տարածքային բաժնի պաշտոնատար անձը քաղաքացու տվյալները մուտքագրելու և նոր ծննդյան վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու դիմաց ստացել է 100 դոլար կաշառք։
Նույն պաշտոնյան, ըստ իրավապահների, մեկ այլ քաղաքացուց ստացել է 2000 դոլար՝ նրան պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցը համապատասխան զինկոմիսարիատի պաշտոնյայի միջոցով լուծելու նպատակով։ Սակայն գումարը զինկոմիսարիատի ներկայացուցչին փոխանցելու փոխարեն օգտագործել է անձնական կարիքների համար։
Քրեական վարույթի մեկ այլ դրվագ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ վարչության աշխատակիցը քաղաքացուն մոտ 64 քառակուսի մետր մակերեսով հողամաս օտարելու գործընթացը կազմակերպելու համար ստացել է 5000 դոլար կաշառք։
Նույն աշխատակիցը, այլ անձի օժանդակությամբ և քաղաքապետարանի մեկ այլ պաշտոնյայի հետ նախնական համաձայնությամբ, 2025 թվականի նոյեմբերին քաղաքացուն առաջարկել է գումարի դիմաց սկսել վերջինիս պատկանող հողամասի վերաբերյալ իրավական գործընթացներ։
Քաղաքացին սկզբում համաձայնել է վճարել 500 դոլար, սակայն հետագայում պաշտոնյան պահանջել է տասնապատիկ ավելի՝ 5000 դոլար։ Քաղաքացին հրաժարվել է վճարել այդ գումարը, և հողամասի վերաբերյալ գործընթաց չի իրականացվել։
«Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 10 անձի: Նրանցից 6-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան», – ասվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում։
Մեղադրյալները համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունը չի ապացուցվել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Մինչդեռ Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության վերջին՝ 2025 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթվի (CPI) համաձայն՝ Հայաստանը 182 երկրների շարքում զբաղեցնում է 65-րդ տեղը՝ ստանալով 46 միավոր հնարավոր 100-ից։ Սա մեկ միավորով պակաս է 2024 թվականի արդյունքից, երբ Հայաստանը 47 միավորով կիսում էր 63-64-րդ տեղերը։
2023 թվականին ևս Հայաստանը ստացել էր 47 միավոր, իսկ 2020 և 2021 թվականներին ցուցանիշը հասել էր 49-ի։ Այսպիսով, վերջին տարիներին Հայաստանի գնահատականը չի բարելավվել և շարունակում է զիջել 2020-2021 թվականներին արձանագրված մակարդակին։
Այդուհանդերձ, Հայաստանի 46 միավորը բարձր է համաշխարհային միջինից՝ 42։ Երկիրը նաև առաջ է տարածաշրջանի մի շարք պետություններից, այդ թվում՝ Ադրբեջանից, Թուրքիայից և Ռուսաստանից, սակայն զիջում է Վրաստանին, որը 2025 թվականին ստացել է 50 միավոր։
Transparency International-ի գնահատմամբ՝ Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումները դեռ չեն ապահովել ակնկալվող արդյունքները։ Կազմակերպության հրապարակած համաթիվն արտացոլում է պետական հատվածում կոռուպցիայի վերաբերյալ փորձագետների և գործարար շրջանակների ընկալումները, այլ ոչ թե արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների քանակը։