2.11.2026
Լուսանկարը՝ Սպուտնիկի
prev Նախորդ նորություն

Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններ․ հայտնի են մասնակից ուժերն ու նրանց համարները

Լուսանկարը՝ ԿԸՀ
Լուսանկարը՝ ԿԸՀ

Նոյեմբերի 29-ին Հայաստանի 12 համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցից տասում ավագանին կընտրվի համամասնական ընտրակարգով։ Երեք համայնքում՝ Աշտարակում, Աշոցքում և Ապարանում, ընտրություններին կմասնակցի ընդամենը մեկ քաղաքական ուժ կամ դաշինք։


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 31-ին վիճակահանությամբ որոշել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների քվեաթերթիկների հերթական համարները, ինչպես նաև կարգավորել նախընտրական քարոզչության կազմակերպման մի շարք հարցեր։


ԿԸՀ-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովը հաստատել է Սյունիքի մարզի Կապան և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով, ինչպես նաև համապատասխան մարզերում հեռարձակվող այլ լրատվամիջոցներով եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը։


«Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը 2026 թվականի նոյեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև», – նշվում է հանձնաժողովի հաղորդագրությունում։


Նույն նիստում ԿԸՀ-ն սահմանել է նաև 2027 թվականի ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրերը։


Նոյեմբերի 29-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ կանցկացվեն Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։ Եվս երկու՝ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում, քվեարկությունը կանցկացվի մեծամասնական ընտրակարգով։


ԿԸՀ-ի վիճակահանությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 10-րդ, «Ուժեղ Հայաստանը»՝ 8-րդ, «Ապրելու երկիրը»՝ 3-րդ, «Լուսավոր Հայաստանը»՝ 11-րդ, «Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ 5-րդ, իսկ «Գործարարը»՝ 9-րդ համարը։ Մյուս ուժերից «Բարոյական արժեքները» հանդես կգա 1-ին, «Շանթ դաշինքը»՝ 2-րդ, «Վստահություն» դաշինքը՝ 4-րդ, «Միասնական համայնքը»՝ 6-րդ, իսկ «Համերաշխություն» դաշինքը՝ 7-րդ համարի ներքո։


Ովքեր են մասնակցելու ընտրություններին՝ ըստ համայնքների


Սևանում (Գեղարքունիքի մարզ) առաջադրվել են երեք ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Միասնական համայնքը» և ՀԱՍԿ-ի ու ՌԱԿ-ի կազմած «Վստահություն» դաշինքը։


Սպիտակում (Լոռու մարզ) ընտրապայքարին կմասնակցեն «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարոյական արժեքները» և «Ուժեղ Հայաստանը»։


Կապանում (Սյունիքի մարզ) գրանցվել են «Քաղաքացիական պայմանագիրը», «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը և «Ապրելու երկիրը»։


Նոյեմբերյանում (Տավուշի մարզ) կմրցեն «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» և «Ապրելու երկիրը»։


Բաղրամյանում (Արմավիրի մարզ) ընտրություններին կմասնակցեն երկու կուսակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և «Գործարարը»։


Մեծամորում (Արմավիրի մարզ) առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հայ հեղափոխական դաշնակցությունը»։


Ամասիայում (Շիրակի մարզ) ընտրապայքարը կընթանա «Քաղաքացիական պայմանագրի» և «Բարոյական արժեքների» միջև։


Աշտարակում (Արագածոտնի մարզ) և Աշոցքում (Շիրակի մարզ) ընտրություններին կմասնակցի միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։


Ապարանում (Արագածոտնի մարզ) միակ գրանցված քաղաքական ուժը «Համերաշխություն» դաշինքն է, որի կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները։

Լուսանկարը՝ սքրինշոթ տեսանյութից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ primeminister.am
02.11.2026
Հայաստանի բոլոր սահմանները կանցնեն հայ սահմանապահների վերահսկողության ներքո. Փաշինյան