Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է նոյեմբերի 1-ին Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում նախկին հոգևորական Արմեն Առաքելյանի մատուցած պատարագը՝ այն համարելով եկեղեցական կանոնների խախտում։ Առաքելյանը, որը նախկինում հայտնի էր որպես Կորյուն աբեղա, դեռևս 2018 թվականին կարգալույծ էր հռչակվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող շարժմանը մասնակցելու շրջանում։
Թեմի տարածած հայտարարության համաձայն՝ կարգալույծ հռչակված անձը զրկված է քահանայական ծառայություն իրականացնելու իրավունքից, հետևաբար նրա կատարած արարողությունը չի կարող ճանաչվել որպես Հայ առաքելական եկեղեցու կանոնական պատարագ։
«Կարգալույծ հռչակված անձի կողմից մատուցված «Պատարագը» չի կարող դիտվել որպես Եկեղեցու կողմից կատարվող կանոնական Պատարագ», – նշվում է հայտարարությունում։
Արագածոտնի թեմի գնահատմամբ՝ նման գործողությունները խախտում են եկեղեցական կարգը և մոլորության մեջ գցում հավատացյալներին։ Թեմը նախկին հոգևորականներին կոչ է արել զերծ մնալ եկեղեցիներում նման արարողություններ կատարելուց, իսկ հավատացյալներին՝ չմասնակցել դրանց։
«Եկեղեցին անձնական հավակնությունների, ինքնակամ որոշումների կամ սեփական ցանկություններին համապատասխան գործելու վայր չէ», – ընդգծել է թեմը։
Արմեն Առաքելյանը, նախկինում՝ Կորյուն աբեղան, 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակտիվ մասնակիցներից և առաջնորդներից էր։ Թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված նախաձեռնությունը պահանջում էր Գարեգին Բ-ի հրաժարականը՝ նրան մեղադրելով եկեղեցական կառավարման և գործունեության հետ կապված մի շարք խախտումների մեջ։
2018 թվականի հուլիսի 17-ին Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ Կորյուն աբեղան կարգալույծ հռչակվեց։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որոշումը հիմնավորել էր «եկեղեցականին անհարիր վարքագծով ու հակականոնական ընթացքով»։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հիմք էին ծառայել եկեղեցու կարգապահական հանձնախմբի եզրակացությունը և սահմանված մեկշաբաթյա ժամկետում ապաշխարության կոչին չարձագանքելը։
Հատկանշական է, որ շարժումը դեռ 2018 թվականի հունիսին բաց նամակ էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով կաթողիկոսի հրաժարականի պահանջի հիմնավորումները։ Սակայն այդ ժամանակ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարում էր, որ պետությունն ու եկեղեցին անջատ են, և կառավարությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին գործերին։
2025 թվականից վարչապետն ինքը հանդես է գալիս Գարեգին Բ-ի հեռացման պահանջով՝ հայտարարելով Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման անհրաժեշտության մասին։ Մայր Աթոռը քննադատում է իշխանությունների այս նախաձեռնությունը՝ այն դիտարկելով որպես միջամտություն եկեղեցու ներքին կյանքին։
Այսպիսով, Առաքելյանի՝ 2018 թվականի կարգալուծությունը կապված էր կաթողիկոսի դեմ նրա նախկին գործունեության հետ և նախորդել է Փաշինյանի ներկայիս նախաձեռնությանը։ Միաժամանակ հրապարակային հաստատված տեղեկություններ չկան, որ Գառնահովիտում նոյեմբերի 1-ին կատարված արարողությունը կազմակերպվել է իշխանությունների հետ համաձայնեցված կամ նրանց աջակցությամբ։