2.11.2026
Լուսանկարը՝ սքրինշոթ տեսանյութից
prev Նախորդ նորություն

Հայաստանում 2027-ին կենսաթոշակային ծախսերը կգերազանցեն պաշտպանականին

Լուսանկարը՝ Hetq.am
Լուսանկարը՝ Hetq.am

Հայաստանը 2027 թվականին կենսաթոշակային ապահովման համար նախատեսում է հատկացնել շուրջ 674 միլիարդ դրամ՝ մոտ 60 միլիարդով ավելի, քան երկրի պաշտպանության հիմնական ծրագրի ֆինանսավորմանը։


Գալիք տարվա պետական բյուջեի նախագծով կենսաթոշակային ապահովումը կլինի պետական ծախսերի ամենախոշոր ուղղություններից մեկը՝ գերազանցելով նաև Պաշտպանության նախարարության ամբողջ բյուջեն։


Նախագծի համաձայն՝ Պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 616,5 միլիարդ դրամ, որից 613,8 միլիարդը կուղղվի զինված ուժերի մարտական պատրաստականության և երկրի սահմանների պաշտպանության ապահովմանը։


Բյուջետային փաստաթղթում այս ծրագիրը ներկայացված է որպես «ՀՀ զինված ուժերի ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում և արտաքին թշնամուց պետական սահմանների պաշտպանություն»։


Միաժամանակ, Պաշտպանության նախարարության բյուջեից ավելի քան մեկ միլիարդ դրամ նախատեսվում է հատկացնել ռազմաբժշկական սպասարկմանը և բժշկական ծառայություններին։


Թեև կենսաթոշակային ապահովման համար նախատեսված միջոցները գերազանցում են պաշտպանական հատկացումները, վերջիններս նույնպես ավելանում են։ 2026 թվականի համեմատ պաշտպանության հիմնական ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է բարձրացնել շուրջ 47 միլիարդ դրամով՝ 566 միլիարդից հասցնելով գրեթե 614 միլիարդի։


Ընդհանուր առմամբ, 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է շուրջ 4,07 տրիլիոն դրամի ծախս և 3,6 տրիլիոն դրամի եկամուտ։ Բյուջեի պակասուրդը կկազմի մոտ 468,2 միլիարդ դրամ։


Կառավարությունը հոկտեմբերի 1-ին հավանություն է տվել պետական բյուջեի նախագծին՝ այն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու համար։ Նախատեսվող հատկացումները վերջնական կդառնան բյուջեի մասին օրենքի ընդունումից հետո։

 Լուսանկարը՝ primeminister.am
02.11.2026
Հայաստանի բոլոր սահմանները կանցնեն հայ սահմանապահների վերահսկողության ներքո. Փաշինյան