12.11.2026
Ուշադրություն վարորդներին․ Մաշտոցի պողոտայում կարգելվի մեքենաների կանգառը
prev Նախորդ նորություն

Հայաստանում Կադաստրը կկարողանա ուղղել հասցեները՝ առանց քաղաքացիների դիմումների

Լուսանկարը` cadastre.am
Լուսանկարը` cadastre.am

Հայաստանում անշարժ գույքի հասցեների սխալները հնարավոր կլինի ուղղել կենտրոնացված կարգով՝ առանց սեփականատերերից առանձին դիմումներ պահանջելու։


Կառավարությունը նոյեմբերի 12-ի նիստում հավանություն է տվել համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագծին։ Միաժամանակ քննարկման ընթացքում բարձրացվել է առանց քաղաքացիների պատշաճ իրազեկման հասցեների փոփոխության և դրա հետևանքով հնարավոր խնդիրների հարցը։


Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ներկայացմամբ՝ երեք տարի առաջ մեկնարկած բարեփոխումների արդյունքում 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործում է հասցեների ազգային ստանդարտը։ Մինչ օրս շուրջ 1,5 միլիոն հասցե ստանդարտացվել և մուտքագրվել է միասնական էլեկտրոնային համակարգ։ Անշարժ գույքի գրանցման ընթացքում հասցեներն արդեն ընտրվում են այդ շտեմարանից՝ ձեռքով մուտքագրվելու փոխարեն։


Սակայն համակարգի ձևավորման ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ սխալներ ու անհամապատասխանություններ։ Քանի որ հասցեավորման որոշումները կայացնում են համայնքները, գործող կարգով դրանց ուղղման համար քաղաքացիները հաճախ ստիպված են առանձին դիմել տեղական իշխանություններին։


Նոր նախագծով նախատեսվում է այդ գործընթացը կենտրոնացնել Կադաստրի կոմիտեում։ Կոմիտեն կկարողանա համայնքներին ներկայացնել հայտնաբերված սխալների ուղղման միասնական առաջարկություններ, իսկ օրենքով սահմանված ժամկետում պատասխան չստանալու դեպքում դրանք հիմք ընդունել էլեկտրոնային շտեմարանում փոփոխություններ կատարելու համար։


Թովմասյանի խոսքով՝ միասնական հասցեական համակարգի բացակայությունը խնդիրներ է առաջացնում ոչ միայն գույքի գրանցման, այլև քաղաքացիներին ծառայություններ մատուցելու ժամանակ։ Որպես օրինակ նա նշել է շտապօգնության կանչերը, երբ անշարժ գույքի վկայականում նշված հասցեն չի համապատասխանում նավիգացիոն համակարգի տվյալներին, և բուժանձնակազմը դժվարանում է գտնել անհրաժեշտ վայրը։


«Մենք բազմաթիվ դեպքեր ենք տեսնում, երբ շտապօգնությունը կոնկրետ հասցեն չի կարողանում նույնականացնել, գտնել»,- նշել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը։


Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, սակայն, ուշադրություն է հրավիրել բարեփոխման հնարավոր բացասական հետևանքների վրա։ Նրա խոսքով, եթե հասցեների փոփոխությունների մասին ժամանակին չտեղեկացվեն քաղաքացիները, տաքսի ծառայությունները, առաքման ընկերություններն ու նավիգացիոն հարթակները, նոր համակարգը կարող է լրացուցիչ խառնաշփոթ և նույնիսկ խցանումներ առաջացնել, հատկապես Երևանի կենտրոնում։


«Քաղաքացին տանը նստած պարտավորություն չունի գեոպորտալը փնտրի և սկսի ուսումնասիրել»,- ընդգծել է փոխվարչապետը՝ պահանջելով հասցեների փոփոխությունների մասին զանգվածային և թիրախային ծանուցման մեխանիզմներ մշակել։


Թովմասյանը պարզաբանել է, որ նախատեսվում է հասցեների փոփոխությունները իրական ժամանակում արտացոլել Հայաստանի ազգային գեոպորտալում, իսկ հետագա օրենսդրական կարգավորումներով ապահովել դրանց ավտոմատ փոխանցումը ծառայություններ մատուցող ընկերությունների համակարգերին։ Քննարկվում է նաև այդ տվյալների տրամադրման դիմաց ծառայության վճար սահմանելու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում դեռ չկա։


Փոխվարչապետն առաջարկել է նաև սահմանել շենքերի հասցեական ցուցանակների միասնական ստանդարտ՝ դրանց տեղադրման վայրի, չափերի և տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ։ Քննարկման ընթացքում բարձրացվել է հասարակական տրանսպորտի կանգառներին անվանումներ տալու և դրանք թվային քարտեզներում արտացոլելու հարցը։


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին պարզաբանել է, որ շտապօգնության ծառայությունն արդեն օգտվում է տարբեր աղբյուրներից ձևավորված հասցեների շտեմարանից, սակայն միասնական համակարգի հետ դրա ավտոմատ համաժամեցումը, նրա խոսքով, կարևոր առաջընթաց կլինի։


Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փոփոխությունների նախագծին։ Ամփոփելով քննարկումը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ կատարվածը դեռ ամբողջ աշխատանքի մոտ 20 տոկոսն է, և բարեփոխումը պետք է շարունակել՝ ներգրավելով նաև մյուս պատասխանատու գերատեսչություններին։

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` 168.am
09.11.2026
Երևանը պատասխանել է գազի հարցով Մոսկվայի նամակին․ Խուդաթյանը մանրամասներ չի հայտնում