12.11.2026
ՄԱԿ–ում խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության մասին. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Մանթաշյանը ներկայացրել է ԱԲ ենթակառուցվածքների զարգացման մոտեցումները ՀԲ քննարկմանը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել «Արհեստական բանականության զարգացման հեռանկարները․ փորձի փոխանակում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար» խորագրով փորձագիտական մակարդակի քննարկումը, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը։


Միջոցառումը կազմակերպվել է Համաշխարհային բանկի խմբի, Եվրոպական հանձնաժողովի և Մոլդովայի Հանրապետության տնտեսական զարգացման և թվայնացման նախարարության համագործակցությամբ՝ «Connectivity Platform Meeting on Digital» հանդիպման շրջանակում։


Քննարկման մեկնարկին Համաշխարհային բանկի 2026 թվականի «Համաշխարհային զարգացման զեկույցը»՝ «Արհեստական բանականության խոստումը» (World Development Report 2026: The Promise of Artificial Intelligence), ներկայացրել է զեկույցի տնօրեն Գաուրավ Նայյարը (Gaurav Nayyar)։ Զեկույցում դիտարկվում են արհեստական բանականության՝ տնտեսական զարգացման, արտադրողականության բարձրացման, հանրային ծառայությունների բարելավման և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման ներուժը, ինչպես նաև զարգացող երկրների համար դրա արդյունավետ կիրառման հիմնական նախադրյալները։


Զեկույցի ներկայացմանը հաջորդել է պանելային ձևաչափով փորձագիտական քննարկում, որը վարել է Համաշխարհային բանկի թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ուղղության ղեկավար Իզաբել Նետոն (Isabel Neto)։ Քննարկմանը մասնակցել են Համաշխարհային զարգացման զեկույց 2026-ի տնօրեն Գաուրավ Նայյարը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման նախարարության՝ ԱԲ ուղղության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Երլան Օմիրժանը (Yerlan Omirzhan), ինչպես նաև Մոլդովայի AI Hub նախաձեռնության թիմի ղեկավար, AmCham-ի նախագահ և PwC-ի տնօրեն Ալեքսանդրու Գոզուն (Alexandru Gozun)։


Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զեկույցի առաջարկությունների գործնական կիրառմանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, արհեստական բանականության զարգացման ազգային առաջնահերթություններին, անհրաժեշտ ենթակառուցվածքներին և տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին։


Քննարկման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ՝ մասնավորապես անդրադառնալով «Արհեստական բանականության գործարանների պարտեզ» հայեցակարգային մոտեցումներին։ Անդրադարձ է կատարվել նաև նման ենթակառուցվածքների ձևավորման և արդյունավետ շահագործման համար անհրաժեշտ էներգետիկ պահանջներին՝ ընդգծելով էներգետիկ կարողությունների և արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման փոխկապակցվածությունը։


Միջոցառման ընթացքում կարևորվել է արհեստական բանականության կիրառման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, տվյալների հասանելիության, մարդկային կապիտալի և համապատասխան կարողությունների զարգացումը, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը՝ տեխնոլոգիաների տնտեսական և հանրային արժեքն առավել արդյունավետ իրացնելու նպատակով։


Համաշխարհային բանկի 2026 թվականի «Համաշխարհային զարգացման զեկույցի» ներկայացումը Հայաստանում նախատեսվում է կազմակերպել «Դիջիթեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հետ համատեղ։ Նախաձեռնությունը հնարավորություն կտա զեկույցի հիմնական դրույթներն ու առաջարկությունները ներկայացնել Հայաստանի պետական, մասնավոր և ակադեմիական հատվածների ներկայացուցիչներին՝ խթանելով դրանց շուրջ մասնագիտական քննարկումն ու համագործակցությունը։

 Լուսանկարը` 168.am
09.11.2026
Երևանը պատասխանել է գազի հարցով Մոսկվայի նամակին․ Խուդաթյանը մանրամասներ չի հայտնում