Գրիգորյան․ Ադրբեջանցի զինծառայողն ավելի լավ պայմաններում է պահվում, քան Ռոբերտ Քոչարյանը
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը պնդում է, որ Հայաստան ներխուժած և հայ կնոջ ուղղությամբ կրակած ադրբեջանցի զինծառայողը պահվում է անհամեմատ ավելի լավ պայմաններում, քան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ադրբեջանցի զինվորը պահվում է ԱԱԾ նկուղում։ Իսկ գիտե՞ք, թե ինչ պայմաններում է նա պահվում։ Ադրբեջանցի զինվորը պահվում է աննախադեպ լավ պայմաններում, իսկ հարևան խցում նախագահ Քոչարյանն է՝ անմարդկային պայմաններում։ Սա է այսօրվա իշխանության իրական դեմքը»,– ասուլիսի ժամանակ հայտարարել է Գրիգորյանը։
Ընդդիմադիր պատգամավորը կոչ է արել փակել ԱԱԾ-ի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկները՝ նշելով, որ այնտեղ պահման պայմաններն անմարդկային են։
Հիշեցնենք, որ նախօրեին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանը։
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ ԱԱԾ քրեակատարողական հիմնարկում, որտեղ պահվում են ընդդիմադիր երեք առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը, ապահովված են նորմալ պայմաններ։
Արձագանքելով նախարարի հայտարարությանը՝ Աննա Գրիգորյանն առաջարկել է նրան անձամբ համոզվել ԱԱԾ մեկուսարանում պահման պայմանների հարցում։
«Եթե տիկին Գալյանը կարծում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պայմանները լավն են, թող գնա այնտեղ մի ամիս մնա։ Իսկ եթե գա նաև անձամբ իր պատասխանատվություն կրելու պահը, մենք, միգուցե, փորձենք կազմակերպել այնպես, որ ինքը հենց այդ նույն խցում կրի պատասխանատվություն, եթե իր համար այդքան լավն են պայմանները»,– հայտարարել է պատգամավորը։