11.11.2026
 Արսեն Գևորգյանի մահը իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականության հետևանքն է
prev Նախորդ նորություն

Քննարկվել են Հայաստան-Իրան մշակութային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի մշակութային հարցերով տեղակալ Մոհսեն Ջավադիի հետ: Նա Հայաստանում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան այցի շրջանակում։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:


Ողջունելով գործընկերոջը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բարձր է գնահատել Հայաստան-Իրան մշակութային դարավոր կապերը և կարևորել տարբեր ոլորտներում դրանք խորացնելու հնարավորությունները:


Նա ընդգծել է արդեն իսկ գոյություն ունեցող հաջող համագործակցությունը՝ կարևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:


Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի մշակութային հարցերով տեղակալ Մոհսեն Ջավադին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով համագործակցության նոր ծրագրերի իրականացման ներուժը: Նա, մասնավորապես, նախանշել է Իրանում հայկական մշակութային շաբաթներ անցկացնելու հեռանկարները՝ հայկական գրականությունը, կինոն և երաժշտությունը Իրանի հանրությանը ճանաչելի դարձնելու նպատակով:


Կողմերն անդրադարձել են Երևանի և Թեհրանի գրքի միջազգային փառատոներում փոխադարձ ներկայությանը, որը հատկապես կարևոր է հայ և իրանցի երիտասարդ գրողներին հանրահռչակելու տեսանկյունից: Այս համատեքստում քննարկվել է նաև մերօրյա հեղինակների գրականության թարգմանության հնարավորությունը։ Իրանցի գործընկերները տեղեկացրել են, որ օրերս Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճը անվանվել է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի անունով:


Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:


 


 

Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ Արսեն Գևորգյանի մահվանից հետո
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` 168.am
09.11.2026
Երևանը պատասխանել է գազի հարցով Մոսկվայի նամակին․ Խուդաթյանը մանրամասներ չի հայտնում