5.11.2026
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
prev Նախորդ նորություն

Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում, բայց շարժվում է դեպի ԵՄ․ Փաշինյան

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու նախապատրաստություն չի սկսել, սակայն շարունակում է Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ աշխատանքները։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության նպատակն է քաղաքացիներին հնարավորություն տալ ընտրություն կատարելու երկու ինտեգրացիոն միավորումների միջև, իսկ ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտը կարող է ներկայացվել արդեն 2027 կամ 2028 թվականին։


Այս մասին Փաշինյանը հայտարարել է նոյեմբերի 5-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Բրյուսելում երկու օր առաջ արած հայտարարություններին, որոնցում ընդգծել էր, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ։


«Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու նախապատրաստություն չենք սկսել, մենք պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել, ինչպես խոստացել էինք։ Մեր ժողովուրդը պետք է ընտրություն կատարելու հնարավորություն ունենա», - ասել է վարչապետը։


Փաշինյանը միաժամանակ հիշեցրել է, որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրները Հայաստանից պահանջում են հստակեցնել իր ինտեգրացիոն կողմնորոշումը և այդ նպատակով հանրաքվե անցկացնել։


«Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց գիտեք, որ այդ կառույցում մեր գործընկերները բարձրացնում են կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու հարցը։ Ես ասել եմ, որ հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան այս պահին»,- հայտարարել է նա։


Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու և Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հնարավոր հանրաքվեին պետք է նախորդեն որոշակի ընթացակարգեր, որոնց ուղղությամբ կառավարությունն արդեն աշխատում է։


«Ինձ համար ակնհայտ է, որ գործընթացը տանում է դեպի նրան, որ 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես կդիմենք՝ Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով», – ասել է Փաշինյանը։


Նոյեմբերի 3-ին Բրյուսելում՝ Euronews-ի կազմակերպած ԵՄ ընդլայնման գագաթնաժողովում, վարչապետը նույնպես իրատեսական էր համարել 2027 կամ 2028 թվականին անդամակցության հայտ ներկայացնելը։ Նա նաև հայտնել էր, որ Հայաստանի նպատակներից է մինչև 2029 թվականը Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացն ավարտելը։


Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Այդուհանդերձ, Հայաստանը դեռ պաշտոնական անդամակցության հայտ չի ներկայացրել և չունի ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ։


Երևանի եվրոպական ձգտումները բացասական արձագանք են առաջացրել Մոսկվայում։ 2026 թվականի մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ Հայաստանին կոչ էին արել հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։


Չորս երկրների ղեկավարները մտահոգություն էին հայտնել, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը կարող է տնտեսական ռիսկեր ստեղծել ԵԱՏՄ անդամների համար։ Հոկտեմբերին այդ երկրները ներկայացրել էին նաև զեկույց՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը հնարավոր ժամանակավորապես կասեցնելու իրավական մեխանիզմների և տնտեսական հետևանքների վերաբերյալ։


Ռուսաստանի իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը անհամատեղելի է ԵԱՏՄ-ում մնալու հետ, և Երևանը կարող է կորցնել միասնական շուկայից օգտվելու տնտեսական առավելությունները։ Դրանք ներառում են ապրանքների անմաքս շրջանառությունը միության ներսում և միասնական մաքսային տարածքի հնարավորությունները։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկը։


Միաժամանակ Եվրամիությունն ընդլայնում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը։ 2026 թվականի հոկտեմբերի 10-ից ուժի մեջ է մտել ԵՄ նոր կարգավորումը, որով երկու տարով վերացվում կամ ժամանակավորապես կասեցվում են Հայաստանից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը։ Եվրոպական միության խորհրդի տվյալներով՝ արտոնությունները վերաբերում են Հայաստանից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսին, ներառյալ գյուղատնտեսական որոշ ապրանքներ։


Սակայն սա չի նշանակում լիովին անմաքս առևտուր։ Որոշ ապրանքների համար շարունակում են գործել քվոտաներ, ծագման կանոններ և եվրոպական շուկա մուտք գործելու այլ պահանջներ։


Հայաստանը նախկինում օգտվում էր Եվրամիության GSP+ արտոնյալ առևտրային համակարգից, սակայն 2022 թվականի հունվարի 1-ից զրկվել էր այդ հնարավորությունից՝ երկրի եկամուտների մակարդակով պայմանավորված չափանիշների փոփոխության հետևանքով։ 2026 թվականի հոկտեմբերին ներդրված նոր արտոնությունները գործում են առանձին իրավական մեխանիզմով։


Այսպիսով, Հայաստանը ներկայում փորձում է պահպանել ԵԱՏՄ անդամակցությունից ստացվող տնտեսական առավելությունները՝ միաժամանակ խորացնելով քաղաքական և տնտեսական համագործակցությունը Եվրամիության հետ։ Սակայն ԵՄ լիարժեք անդամակցության հեռանկարը ենթադրում է երկու ինտեգրացիոն համակարգերի միջև ընտրություն։ Թե երբ և ինչ ընթացակարգով Հայաստանը կարող է նման որոշում կայացնել, առայժմ հստակեցված չէ։

 Լուսանկարը` primeminister.am
05.11.2026
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում, բայց շարժվում է դեպի ԵՄ․ Փաշինյան