5.11.2026
«FLYONE ARMENIA»-ն չվերթեր կիրականացնի Երևան-Բեռլին-Երևան երթուղով
prev Նախորդ նորություն

Վեց և ավելի երեխա ունեցող ընտանիքներին՝ մինչև 100% բնակարանային սուբսիդավորում

Լուսանկարը` parliament.am
Լուսանկարը` parliament.am

Հայաստանում վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները 2027 թվականի հուլիսից կկարողանան պետության ամբողջական սուբսիդավորմամբ բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել մարզերում՝ սահմանված ֆինանսական աջակցության շրջանակում։


Յուրաքանչյուր երեխայի հաշվով նախատեսվում է 4 միլիոն դրամ, իսկ գյուղական բնակավայր ընտրելու դեպքում ընտանիքը կստանա ևս 4 միլիոն դրամ։ Կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում հաստատել է բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիրը։


Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ նախաձեռնության հիմքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված քաղաքացու նամակն է, որով վերջինս աջակցություն էր խնդրել իր բազմազավակ ընտանիքի համար։ Նախարարի խոսքով՝ համայնքներից հավաքագրված տվյալներով Հայաստանում կա վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող 643 ընտանիք, որոնց զգալի մասն ընդգրկված է սոցիալական անապահովության համակարգում։


«Մենք այն ընտանիքներին, որոնք 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կունենան վեց և ավելի անչափահաս երեխա, յուրաքանչյուր երեխայի հաշվարկով չորսական միլիոն դրամի հավաստագիր ենք տալիս, որը կարող է իրացվել բանկային հիփոթեքի [...] միջոցով տուն կառուցելու կամ տուն ձեռք բերելու համար», – ասել է Թորոսյանը։


Այսպիսով, վեց անչափահաս երեխա ունեցող ընտանիքին հասանելի կլինի 24 միլիոն դրամի աջակցություն, յոթ երեխա ունեցողին՝ 28 միլիոն, իսկ ութ երեխա ունեցողին՝ 32 միլիոն դրամ։ Գյուղական բնակավայրում բնակություն հաստատելու դեպքում նախատեսված լրացուցիչ 4 միլիոն դրամը հնարավոր կլինի ուղղել նաև տան կառուցման համար հողամաս կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռք բերելուն։


Ծրագրով նախատեսվում է առանց կանխավճարի, տասը տարի մարման ժամկետով հիփոթեքային վարկավորում։ Պետությունը կսուբսիդավորի ինչպես վարկի մայր գումարը, այնպես էլ տոկոսները՝ աջակցության սահմանված չափի և տոկոսադրույքների շրջանակում։


Աջակցությունից օգտվելու համար ընտանիքի բոլոր անդամները պետք է լինեն Հայաստանի քաղաքացիներ։ Շահառուի, իսկ գրանցված ամուսնության դեպքում նաև նրա ամուսնու՝ նախորդ տարվա հայտարարագրված եկամուտների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 10 միլիոն դրամը։ Նախատեսված են նաև գույքային սահմանափակումներ․ դիմելուց առաջ երկու տարվա ընթացքում ընտանիքի համապատասխան անդամները չպետք է ունեցած լինեն 50 միլիոն դրամը գերազանցող կադաստրային արժեքով բնակելի անշարժ գույք՝ ծրագրով սահմանված սեփականության պայմաններով։


Ձեռք բերվող կամ կառուցվող բնակարանը պետք է գտնվի Հայաստանի մարզերից մեկում, իսկ բնակելի մակերեսը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չպետք է պակաս լինի 10 քառակուսի մետրից։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկման ընթացքում առաջարկել է ծրագիրը կապել կառավարության՝ 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու նախաձեռնության հետ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լրացուցիչ խթաններ ստեղծել, որպեսզի բազմազավակ ընտանիքները բնակություն հաստատեն նաև այն համայնքներում, որտեղ նոր դպրոցներ ու մանկապարտեզներ են կառուցվել, սակայն աշակերտների թիվը բավարար չէ։


«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ծրագիրը ուղղորդել և կցել նորակառույց դպրոցների հետ», – հայտարարել է Փաշինյանը։


Վարչապետը նաև ընդգծել է կրթության դերը սոցիալական անապահովության հաղթահարման գործում։


«Այս շղթան կանգնեցնելու մենք մի ձև գիտենք, դա կրթությունն է», – ասել է նա։


Թորոսյանը հայտնել է, որ նախարարությունը կքննարկի նորակառույց դպրոցներ ունեցող բնակավայրերում բազմազավակ ընտանիքների բնակություն հաստատելը խրախուսող լրացուցիչ մեխանիզմները։ Դրանք դեռ հաստատված ծրագրի պարտադիր պայման չեն։


Նիստում Փաշինյանն անդրադարձել է նաև սահմանամերձ բնակավայրերում գործող 16 միլիոն դրամի բնակարանային աջակցության ծրագրին՝ նշելով, որ կառավարությունը պետք է վերահսկի, թե որքանով են այդ աջակցությամբ կառուցված տներն իրականում բնակեցվում։


Նոր ծրագրի հիմնավորման համաձայն՝ Հայաստանում վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող 643 ընտանիքներում ապրում է ընդհանուր 4267 երեխա։ Կառավարության հաշվարկներով՝ եթե բոլոր ընտանիքները դիմեն աջակցության, իսկ նրանց կեսն ընտրի գյուղական բնակավայրերը, առաջիկա տասը տարիներին պետական բյուջեից կպահանջվի առավելագույնը 31,9 միլիարդ դրամ։


Ծրագիրն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հուլիսի 1-ից։ Դիմումները կընդունվեն էլեկտրոնային եղանակով մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ծրագրի իրականացումը կվերապահվի Միասնական սոցիալական ծառայությանը։

 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
02.11.2026
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների նախագծումը․ Փաշինյան