Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում զինծառայողների մահվան դեպքերն ընդունել որպես անխուսափելի իրողություն և պահանջում է խնդրի համակարգային լուծումներ։
Նրա խոսքով՝ բանակում տեղի ունեցող ողբերգությունների պատճառների վերաբերյալ ներկայացվող բացատրությունները բավարար չեն, իսկ կառավարությունը չի կարող սահմանափակվել միայն մահվան դեպքերի վիճակագրությունն արձանագրելով։
Նոյեմբերի 5-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտնել է, որ զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը։
«Մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել տեղի ունեցողին և պարզապես տեղի ունեցողին վերաբերվել այնպես, որ այդպես էլ պետք է լինի»,- հայտարարել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ յուրաքանչյուր դեպք կարող է ունենալ իր բացատրությունը, սակայն դա չի նշանակում, որ իշխանությունները պետք է բավարարվեն դրանցով՝ առանց իրավիճակը փոխելու ուղղությամբ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու։
«Այո, բացատրությունները՝ բացատրություն, ամեն ինչ ունի իր բացատրությունը, բայց դա չի նշանակում, որ այդ բացատրությունները մեզ բավարարում են»,- նշել է նա։
Վարչապետը շեշտել է, որ չի պատրաստվում համակերպվել բանակում մահվան դեպքերի շարունակականության հետ։
«Ես կոնկրետ չեմ պատրաստվում իրադրության հետ համակերպվել, որ այդպես էլ պետք է լինի և շարունակաբար մենք ուղղակի վիճակագրություն արձանագրող պետք է լինենք», – հայտարարել է Փաշինյանը։
Միաժամանակ նա չի մանրամասնել, թե աշխատանքային խումբն ինչ առաջարկներ է մշակել և ինչ կոնկրետ միջոցառումներ են նախատեսվում զինծառայողների մահվան դեպքերը կանխելու համար։
Վարչապետի հայտարարությանը նախորդել էր հոկտեմբերի 31-ին բանակում արձանագրված մահվան հերթական դեպքը։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զորամասերից մեկում հայտնաբերվել էր զինծառայող Տ. Ս.-ի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։
Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարել էր, որ զինծառայողների ինքնասպանության որոշ դեպքերի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել հնարավոր աղանդավորական ազդեցության վերաբերյալ տեղեկություններ։ Նա հայտնել էր, որ դեպքերից մեկում զինծառայողի մարմնի վրա հայտնաբերված դաջվածքները մասնագետները կապել են ինքնասպանության հակվածության հետ։
Պողոսյանը նախատեսում էր այս հարցով դիմել Ազգային անվտանգության ծառայությանը՝ ընդգծելով, որ խոսքը մի քանի դեպքի մասին է։ Այդ ենթադրությունների հիմնավորվածությունը դեռ պետք է պարզվի քննության ընթացքում։
Նոյեմբերի 4-ին զինծառայողների մահվան դեպքերին անդրադարձել էր նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Նրա խոսքով՝ մահվան պատճառները տարբեր են և կարող են կապված լինել միջանձնային հարաբերությունների, ֆինանսական կամ առողջական խնդիրների, ինչպես նաև ծառայությունից դուրս տեղի ունեցած հանգամանքների հետ։ Ասրյանը նշել էր, որ կանխարգելիչ աշխատանքներ իրականացվում են, սակայն կոնկրետ միջոցառումները չէր մանրամասնել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ բանակում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների խնդիրների համակարգային լուծումներ մշակելու նպատակով։
Խմբին հանձնարարվել է երեք ամսվա ընթացքում մշակել և վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ։