Ադրբեջանից ՌԴ ներկրված 18,8 հազար տոննա նռան խմբաքանակում վնասատու է հայտնաբերվել
Լուսանկարը՝ Սպուտնիկի
Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունում Ադրբեջանից ներկրված 18,8 հազար տոննա ընդհանուր ծավալով թարմ նռան խմբաքանակում կարանտինային վտանգավոր վնասատու է հայտնաբերվել։ Այս մասին նոյեմբերի 9-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի անվտանգության և որակի գնահատման դաշնային կենտրոնին։
Կենտրոնի տարածաշրջանային մասնաճյուղի մասնագետները նռան նմուշների միջատաբանական հետազոտության ընթացքում հայտնաբերել են արևելյան պտղակեր, որը կարող է զգալի վնաս հասցնել պտղատու այգիներին։
«Արտադրանքը ներկրվել է Ադրբեջանից»,- հայտնել են կենտրոնից՝ նշելով, որ հայտնաբերված խախտման վերաբերյալ տեղեկություններն արդեն փոխանցվել են «Ռոսսելխոզնադզորին»։
Ռուս մասնագետների պարզաբանմամբ՝ արևելյան պտղակերը վնասում է պտղատու ծառերի երիտասարդ ընձյուղներն ու հասուն պտուղները։ Վնասատուն հատկապես վտանգավոր է ծիրանենու, խնձորենու, կեռասենու, սալորենու և դեղձենու համար։
«Ուժեղ վարակվածության պայմաններում այս վնասատուն կարող է ոչնչացնել ամբողջ բերքը. կորուստները կարող են հասնել 100%-ի»,- զգուշացրել են կենտրոնից։
Թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակի նկատմամբ, առայժմ չի հաղորդվում։