Գազի գնի բարձրացումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի թանկացման Հայաստանում
Հայաստանի համար ռուսական գազի հնարավոր թանկացումը կարող է անդրադառնալ ոչ միայն գազի սակագների, այլև էլեկտրաէներգիայի գնի վրա։ Գազի թանկացման ծավալից կախված՝ էլեկտրաէներգիայի գինը կարող է ավելանալ 1,4-ից մինչև 3,3 դրամով՝ մեկ կիլովատտ-ժամի համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Նրա խոսքով՝ այս պահին հանձնաժողովը «Գազպրոմից» պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, թե ռիսկը բացակայում է։
«Չեմ ցանկանում ավելորդ հանգստացնել հանրությանը: Տայո, ռիսկ կա, բայց գործնականում դեռ ոչ մի փոփոխություն չկա», — նշել է Մեսրոպյանը՝ հույս հայտնելով, որ իրավիճակը չի փոխվի առնվազն մինչև 2027 թվականի մարտը։
Այժմ ռուսական գազի հազար խորանարդ մետրը Հայաստանի համար արժե 174,46 դոլար։ Կարգավորող մարմնի հաշվարկներով՝ եթե գինն աճի 30%-ով, էլեկտրաէներգիայի սակագինը կարող է ավելանալ 1,4 դրամով՝ մեկ կիլովատտ-ժամի համար։ Ավելի կտրուկ՝ 69% աճի դեպքում, որը nhտարկվում է ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի զեկույցում, էլեկտրաէներգիայի թանկացումը կարող է կազմել 3,3 դրամ՝ մեկ կիլովատտ-ժամի համար։
Մեսրոպյանը նաև ներկայացրել է գազի մատակարարումների ամբողջական դադարեցման սցենարը։ Նման դեպքում Հայաստանը ստիպված կլինի ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ էներգամատակարարումն ապահովելու համար՝ ավելացնել ջրառը Սևանա լճից Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի աշխատանքի համար, ինչպես նաև ավելացնել էլեկտրաէներգիայի ներկրումը Վրաստանից և հարևան այլ երկրներից։
Միևնույն ժամանակ, հանձնաժողովի ղեկավարի գնահատմամբ, նման սցենարի հետևանքները կարող են մասնակիորեն մեղմվել Հայաստանում արդեն իսկ զարգացած արևային էներգետիկայի շնորհիվ։