6.11.2026
Սահմանադրական գործընթացը կվերածվի բռնությունների ալիքի և պատերազմով շանտաժի
prev Նախորդ նորություն

Հայաստանը սովորելու բան ունի ԱՄՆ դեմոկրատներից

Ընդամենը 2 օր է անցել Միացյալ Նահանգներում միջանկյալ ընտրություններից, որոնցում դեմոկրատները համոզիչ հաղթանակ են տարել՝ մեծամասնություն վերցնելով և՛ Կոնգրեսում, և՛ Սենատում։ Որոշ ընտրատարածքներում քվեների հաշվարկը դեռ շարունակվում է, բայց եթե ձեզ թվում է, թե դեմոկրատները «մեջքները թուլացրել են» ու քեֆերի մեջ են, սխալվում եք։


Նախ՝ դեմոկրատներն արդեն սկսել են 2028 թվականի ընտրությունների համար դրամահավաքները և քարոզչությունը։
Երկրորդը, իրենք ասում են. «Հանրապետականների այսօրվա պարտությունը դեռ չի նշանակում, որ մենք 2028-ին էլ կհաղթենք։ 2028-ին հաղթելը կախված է այն քայլերից, որոնք անելու ենք 2027-ին»։


Մինչ խոսենք դեմոկրատների հետագա քայլերից, մի փոքր նախապատմություն. նրանք շատ լավ հասկանում են, որ վերջին տասնամյակներում որպես էլիտա ահավոր համը հանել են։ Հստակ գիտակցում են, որ ամերիկացիներից շատերը հավասարապես և՛ իրենցից են զզվում, և՛ հանրապետականներից, և՛ ընդհանրապես էլիտաներից։ (Պոպուլիստ Թրամփի հաղթանակը նաև այդ «բոլորից զզվում ենք» տրամադրությունների ուղիղ արտահայտումն էր)։


Ո՞րն է դեմոկրատների պատասխանը։


Դեմոկրատների գլխավոր ստրատեգներից Ռամ Էմանուելը պնդում է, որ նոր Կոնգրեսում և Սենատում դեմոկրատների առաջին ու գլխավոր 3 անելիքը պիտի լինի.


ա) էթիկայի նոր կոդեքս ընդունելը, որը կտրուկ կսահմանափակի քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների կոռուպցիոն հնարավորությունները (օրինակ բաժնետոմսերի առքն ու վաճառքը), ինչն էլ իր հերթին կօգնի որոշ չափով վերականգնել վստահությունն առ քաղաքական էլիտաներ և, մասնավորապես, առ դեմկուս;


բ) մինիմալ աշխատավարձի բարձրացում;


գ) ներկրման տուրքերի կայուն քաղաքականությունը վերականգնել (հիմա Թրամփը քնում-զարթնում է, որոշում է տարիֆ փոխել, ինչի հետևանքով ահավոր գնաճ է ԱՄՆ-ում)։


Իր առաջարկի տրամաբանությունը հետևյալն է. հաշվի առնելով հանրային տրամադրությունները՝ նախ, շատ հանրապետականներ իրենց ընտրողների աջակցությունը չկորցնելու համար ուղղակի ստիպված են լինելու միանալ այդ առաջարկներին։ Ով չմիացավ, ընկալվելու է՝ որպես «Talanchi»։


Եթե Կոնգրեսի ու Սենատի ընդունած օրենքները Թրամփը հրաժարվի ստորագրել, ապա դրանով հաջորդ նախագահական ընտրություններին հանրապետականների համար մեծ խնդիր կստեղծի (էլի «Talanchi» թեման է աշխատելու)։ Իսկ եթե ստորագրի, ապա դա կլինի դեմոկրատների ջախջախիչ հաղթանակ։


Բացի այդ դեմոկրատները հանրապետական սենատորներին ու կոնգրեսմեններին հստակ ուղերձ են տալիս. «Մենք ձեզ զգուշացնում էինք, որ Թրամփին աջակցելով ինքներդ ձեր քաղաքական ապագայի վրա խաչ եք քաշում։ Տեսա՞ք, որ ճիշտ էինք»։ Եւ ազդեցիկ հանրապետականների շրջանում իսկապես լուրջ դժգոհություն կա Թրամփից։


Էս ամենն ինչու եմ պատմում... Ընդամենը 1,5–2 տարի առաջ ԱՄՆ դեմոկրատները խղճուկ ու ողբալի վիճակում էին։ Թվում էր, թե տարիներ կպահանջվեն, մինչև ուշքի գան, եթե ընդհանրապես գան։


Բայց չէ, կպան գործին... Աշխատում էին թե՛ գետնի վրա, թե՛ մեդիա, քաղաքական, իրավական դաշտերում և ընդհանրապես բոլոր հնարավոր տեղերում։


Ես ուշադիր հետևում էի, թե ինչ և ինչպես են խոսում դեմոկրատները՝ քաղաքական գործիչներից մինչև բլոգերներ. ոչ ոք չէր ասում. «էս ինչ խարաբ ժողովուրդ ա մեզ բաժին ընկել» կամ «ձեզ հասնում ա, բա լա՞վ ա, որ Նիկոլին եք ընտրել»...


Մարդիկ իրենց ելույթներում, հարցազրույցներում դիմում էին բոլորին, խոսում էին բոլորի պրոբլեմներից, անկախ քաղաքական համոզմունքներից։ Դեմոկրատ գործիչներ կային, որ 5 րոպեանոց ելույթում կարողանում էին համոզիչ կերպով դիպչել թե՛ լիբերալի, թե՛ պահպանողականի սրտի նուրբ լարերին, Թրամփի կողմնակիցների ցանկացած քայլ շուռ էին տալիս իր դեմ։


Բնականաբար, միայն խոսքով չէր... Խոսքին զուգահեռ լավ կազմակերպված զանգվածային դիմադրություն կար գետնի վրա։ Այո՛, լիքը ակտիվիստների այս 1,5+ տարում ձերբակալել են, տասնյակ հազարավոր գործեր հարուցել, բայց դիմադրությունը շարունակվել է։


Մի խոսքով, սովորելու լիքը բան ունենք։ Ափսոս սովորող չունենք։


Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան


 

 Լուսանկարը` primeminister.am
05.11.2026
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում, բայց շարժվում է դեպի ԵՄ․ Փաշինյան