5.11.2026
Երեկվա համախմբման պրոցեսը ոչ թե քաղաքական է, այլ՝ համազգային
prev Նախորդ նորություն

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը համատեղ ձևավորելու ինքնիշխանության օրակարգը

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր քաղաքական և հասարակական ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը: Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» կուսակցությունը:


««Միասնության թևեր» կուսակցությունը բազմիցս հրապարակայնորեն հանդես է եկել համազգային նշանակության հարցերի շուրջ համախմբվելու առաջարկով։ Այսօր վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր քաղաքական և հասարակական ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության, պետական անվտանգության, սահմանադրական կարգի և ազգային ինքնության պաշտպանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը։


Քաղաքական տարաձայնությունների առկայությունը, նախկինում ունեցած բազմաթիվ հարցերի շուրջ անհամաձայնությունները չեն կարող որոշիչ լինել հայրենիքի համար ճգնաժամային վիճակում միավորվելու համար։


Այս համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով։ Մեր գնահատմամբ՝ իշխանությունը, սեփական քաղաքական պատասխանատվությունն ընդունելու փոխարեն, բացառապես արտաքին ուժերի հերթական պահանջի կատարումը ներկայացնում է որպես խաղաղության պահպանման անխուսափելի պայման, իսկ այդ քաղաքականությանը դիմադրող ուժերին՝ որպես խաղաղությանը խոչընդոտողներ՝ սահմանափակելով պետական նշանակության որոշումների շուրջ ազատ քննարկման և քաղաքական հակազդեցության հնարավորությունը։


Հայ հասարակությունում չկա և չի կարող լինել անկախության հռչակագրից հրաժարվելու պահանջ։ Հետևաբար այդպիսի օրակարգը մեր արտաքին թշնամիների օրակարգն է, որը սպասարկում է գործող իշխանությունը, իսկ ցանկացած նման զիջում բերելու է նոր պահանջների եւ զիջումների։


Այս համատեքստում ենք գնահատում նաև նոյեմբերի 4-ին Սամվել Կարապետյանի և նրա հետ առնչվող անձանց նկատմամբ իրականացված քննչական գործողությունները։ Առանց գործի քրեաիրավական հանգամանքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու՝ դրանց ծավալն ու քաղաքական միջավայրը հիմք են տալիս գնահատելու, որ հետապնդվում է նաև ընդդիմության դիմադրությունը թուլացնելու և սահմանադրական փոփոխությունների համար նպաստավոր ներքաղաքական պայմաններ ստեղծելու նպատակ։


Ընդդիմության նկատմամբ «հանրային ճնշում» գործադրելու և այն կառավարող մեծամասնության կողմից առաջնորդելու մասին հնչող ելույթները խորացնում են այդ մտահոգությունը։ Մենք խստորեն դատապարտում ենք պետական լծակներն ընդդիմախոսներին ճնշելու, քաղաքական այլախոհությունը սահմանափակելու և հանրային քննարկումը վախի մթնոլորտով փոխարինելու ցանկացած գործելակերպ։


Հավատարիմ մեր հրապարակային դիրքորոշմանը և արձանագրելով, որ նոյեմբերի 4-ին ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մասին «Միասնության թևեր» կուսակցությունը տեղեկացել է մամուլից՝ պատրաստ ենք մասնակցելու այս սկզբունքների վրա հիմնված համախմբման նախաձեռնություններին։


Այդ համագործակցությունը պետք է կառուցվի՝


հստակ ընդհանուր օրակարգի,


մասնակիցների իրավահավասարության,


փոխադարձ հարգանքի և հանրության առջև պատասխանատվության վրա՝ բաց լինելով նաև քաղաքացիների մասնակցության համար։


Մեր նպատակը համատեղ քաղաքական աշխատանքն ու համաձայնեցված գործողություններն են՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը, ամրապնդելու ազգային համերաշխությունը և հասնելու արժանապատիվ ու կայուն խաղաղության՝ առանց արտաքին պարտադրանքի և ազգային ու պետական շահերի հաշվին զիջումների»,- նշված է հայտարարության մեջ։

 Լուսանկարը` primeminister.am
05.11.2026
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում, բայց շարժվում է դեպի ԵՄ․ Փաշինյան