Դուք ինձ ճանաչում եք բավականին երկար, որևիցե եղանակով, որևիցե անձի նկատմամբ, որևիցե ճնշում թույլատրելի չէ, դատապարտելի է և նման որևիցե ազդեցություն չի եղել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, ՍԴ նախագահ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը երկրորդ անգամից միայն ընտվեց ՍԴ նախագահ, և արդյոք եղել են ճնշումներ իրեն ընտրելու համար։
«Մենք ներկայացրել ենք համապատասխան ծրագրեր, պարոն Շաթիրյանը և ես առաջադրվել ենք համապատասխան պաշտոնի համար, և դատարանը գաղտնի քվեարկությամբ որոշում է կայացրել։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտի այս կամ այն կարծիք, մենք, գտնվելով երդման ներքո, պարտավոր ենք առաջնորդվել ՍԴ մասին օրենքով նախատեսված կարգավորումներով և Սահմանադրությամբ և ավելին ես ասել չեմ կարող»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ժամանակին ՔՊ–ն մեղադրում էր, որ Հրայր Թովմասյանը լինելով կուսակցական դարձել է ՍԴ նախագահ, արդյոք նույն խոսակցությունները հիմա չեն լինի նաև իր դեպքում՝ հաշվի առնելով, որ ինքըն էլ եղել է ՔՊ անդամ, Վարդանյանն ասաց. «Ես 15 տարի 7 ամսվա փորձառություն ունեի Սահմանադրական դատարանում։ Չի եղել որևիցե պաշտոն Սահմանադրական դատարանի աշխատակազմում, որը ես չեմ զբաղեցրել՝ սկսած գլխավոր մասնագետից, ավարտված աշխատակազմի ղեկավարով։ Որևիցե պարագայում ծառայողական կամ սոցիալական լիֆտից ես չեմ օգտվել։ Այո, ես եղել եմ պատգամավոր, այո ես եղել եմ կուսակցության անդամ, բայց դատավորի երդումը տալուց հետո յուրաքանչյուրս պարտավորվում է առաջնորդվել տրված երդմամբ և երդման շրջանակներում եմ ես տալիս իմ պատասխանները։
Դատարանը պետք է մնա ապաքաղաքական, դատարանը պետք է մնա սահմանադրի կամքին հետևող, ՍԴ–ն պետք է շարունակի կատարել իր գործառույթները այնպես, ինչպես դա կանխորոշել է սահմանադիրը, այնպես, ինչպես դա սահմանված է սահմանադրությամբ։ Որևիցե քաղաքական հայտարարություն ՍԴ որևիցե անդամի կողմից, որևիցե պարագայում չպետք է դիտարկվել որպես թույլատրելի հայտարարություն։ Ով որտեղից էլ գա, նա պարտավոր է գտնվել երդման ներքո և իրականացնել այն գործառույթները, որոնց համար լիզորվել է սահմանադրությամբ»,–ասաց նա։