9.11.2026
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետին
prev Նախորդ նորություն

«Թշնամուն թույլ տալ գրել մեր Սահմանադրությունը, նշանակում է խաբել ժողովրդին». Կարապետյան

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը չպետք է իրականացվի Ադրբեջանի պահանջով, իսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումը պետք է բացառի Բաքվի կողմից նոր պայմանների առաջադրումը։ Այս մասին նոյեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ քննադատելով իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն ու Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։


«Մենք խաբում ենք մեր ժողովրդին, եթե մենք թույլ ենք տալիս, որ մեր թշնամին գրի մեր սահմանադրությունը»,- հայտարարել է Կարապետյանը։ Նրա համոզմամբ՝ Սահմանադրության փոփոխությունը պետք է լինի Հայաստանի հասարակության ներքին համաձայնության արդյունք, այլ ոչ թե հարևան պետության ղեկավարի պահանջի կատարում։


Ընդդիմադիր գործչի խոսքով՝ քաղաքացիների հետ հանդիպումները ցույց են տվել, որ հասարակության մի զգալի հատվածը տեղյակ չէ սահմանադրական փոփոխությունների շուրջ ընթացող գործընթացներին և դրանց վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանը։ Կարապետյանն այս հանգամանքով է բացատրել ընդդիմադիր ուժերի մեկնարկած իրազեկման ակցիաները։ Նա ընդգծել է, որ ընդդիմության համար կարևոր է հանրային աջակցություն ստանալը՝ միաժամանակ խոստանալով խորհրդարանում օգտագործել իրենց տրամադրության տակ եղած հնարավորությունները։


Կարապետյանը նաև հայտարարել է, որ ներկայիս քաղաքական բևեռացվածության պայմաններում հասարակությունը պատրաստ չէ նոր Սահմանադրության շուրջ համընդհանուր համաձայնության։ «Սահմանադրությունը պետք է բոլորի կողմից ընդունված լինի»,- նշել է նա՝ շեշտելով, որ երկրի հիմնարար օրենքի բովանդակությունը որոշելու իրավունքը պատկանում է Հայաստանի քաղաքացիներին։


Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հիշեցրել է, որ նախաստորագրված խաղաղության համաձայնագրում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ ամրագրված չէ։ Նրա գնահատմամբ՝ Երևանը պետք է ձգտի համաձայնագրի ստորագրմանը՝ առանց նոր զիջումների, միաժամանակ ստանալով երաշխիքներ, որ Բաքուն հետագայում լրացուցիչ պահանջներ չի առաջադրի։


Կարապետյանի կարծիքով՝ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է նաև վերականգնել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը և ապահովել միջազգային մի քանի երաշխավորների ներգրավվածությունը։ «Մեկից ավել երաշխավոր է պետք»,- հայտարարել է նա՝ պնդելով, որ Հայաստանի անվտանգությունը չպետք է կախված լինի բացառապես մեկ պետության դիրքորոշումից։


Նա խիստ քննադատել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ իշխանություններին պատասխանատու համարելով վերջին տարիների պատերազմների և ռազմական պարտությունների համար։ Կարապետյանը պահանջել է հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցը և չի բացառել նոր քննության անցկացումը։


Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, սակայն փաստաթուղթը դեռ չի ստորագրվել։ Ադրբեջանը դրա ստորագրման նախապայմաններից է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ պնդելով, թե դրանում առկա են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի իշխանությունը, հերքելով այդ պնդումները, միաժամանակ կարծում է, որ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, որն էլ հանդիսանում է ադրբեջանական կողմի պահանջը: 

 Լուսանկարը` primeminister.am
09.11.2026
Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ COP31-ի և դիվանագիտական հարաբերությունների հեռանկարի ֆոնին