Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն իրազեկող տեսանյութ է հրապարակել, որտեղ պարզաբանվում է, թե ի՞նչ փոփոխություններ են կատարվելու խաղային ոլորտում։
Ինչպե՞ս է ապահովվելու խաղային ոլորտի թափանցիկությունն ու վերահսկելիությունը, ո՞ւմ վրա կտարածվեն խաղերին մասնակցության սահմանափակումները, և ի՞նչ նոր կարգ կգործի շահումների հարկման հարցում: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել ՊԵԿ խաղային գործունեության վերահսկողության վարչության պետ Գոհար Զաքարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում խաղային ոլորտի թվայնացման և թափանցիկության ապահովման նպատակով կներդրվի խաղային գործունեության կարգավորման օպերատոր և նոր էլեկտրոնային կառավարման համակարգ։ Համակարգը հնարավորություն կտա իրական ժամանակում վերահսկել խաղացողների կատարած խաղադրույքները, գնած խաղանիշերը, գրանցած շահումները և խաղի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները։
Ըստ նրա՝ նոր համակարգը կապահովի ոլորտի թափանցիկությունը, վերահսկելիությունը և ռիսկերի գնահատումը։ Այն հագեցած կլինի նորագույն տեխնոլոգիաներով, իսկ մեծ տվյալների վերլուծության մեխանիզմները հնարավորություն կտան իրականացնել բազմակողմանի վերլուծություններ և ուսումնասիրություններ։
Զաքարյանը տեղեկացրել է, որ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի փետրվարի 8-ից։
Ովքեր չեն կարողանա մասնակցել խաղերին
Նոր համակարգի միջոցով սահմանափակումներ կկիրառվեն նաև ռիսկային խմբերում ընդգրկված անձանց՝ խաղերին մասնակցելու նկատմամբ։
Գոհար Զաքարյանի խոսքով՝ սահմանափակումների շրջանակը բավականին լայն է։ Տարիքային սահմանափակումներից բացի՝ արգելվելու է նաև այլ անձի խաղային հաշվի օգտագործումը։
Խաղերին մասնակցել չեն կարողանա պետական աջակցության ծրագրերից օգտվողները, այդ թվում՝ ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և անապահովության հիմքով ծրագրերի շահառու հանդիսացող անձինք, ինչպես նաև Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառված քաղաքացիները։
Սահմանափակումները կտարածվեն նաև պետական և համայնքային ծառայողների, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, Կենտրոնական բանկի և մի շարք պետական ու համայնքային կազմակերպությունների աշխատակիցների վրա։
Շահումները կհարկվեն եկամտային հարկով
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շահումները կհամարվեն եկամտային հարկով հարկման ենթակա օբյեկտ։
Զաքարյանի ներկայացմամբ՝ 5 մլն դրամ և ավելի շահումները կհարկվեն 10 տոկոս եկամտային հարկով։ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված կազմակերպիչներից ստացված շահումների դեպքում հարկի դրույքաչափը կկազմի 5 տոկոս, իսկ մյուս դեպքերում՝ 20 տոկոս։
ՊԵԿ ներկայացուցչի խոսքով՝ նախատեսվող փոփոխությունները կանխարգելիչ բնույթ ունեն և նպատակ ունեն նպաստել խաղային կախվածության ռիսկերի նվազեցմանը։