ԱԺ-ում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների ծեծկռտուքի գործով վարույթ է սկսվել
Լուսանկարը՝ a1plus.am
Հայաստանի Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը դարձել է քրեական վարույթի առարկա։ Գլխավոր դատախազությունը նոյեմբերի 9-ին հայտնել է, որ հոկտեմբերի 29-ի միջադեպի առնչությամբ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։
«Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից»,- հայտնել են Դատախազությունից։
Քրեական վարույթը նախաձեռնվել է նաև 452-րդ հոդվածի 3-րդ մասով, որը վերաբերում է պաշտոնատար անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելուն՝ վերջինիս օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով։
Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ընդդիմության ներկայացուցիչների միջև վեճը վերածվել էր ֆիզիկական բախման։ Պատգամավորները նիստերի դահլիճում փոխադարձ հարվածներ էին հասցրել միմյանց, իսկ միջադեպը շարունակվել էր նաև խորհրդարանի միջանցքում։
ԱԺ նախագահը սկզբում փորձել էր առանց ընդմիջում հայտարարելու հանդարտեցնել իրավիճակը և պատգամավորներին հորդորել վերադառնալ իրենց տեղերը։ Սակայն մոտ տասը րոպե անց, երբ լարվածությունը չէր թուլացել, նիստն ընդմիջվել էր։
Դատախազությունը հրապարակված հաղորդագրությամբ չի հստակեցրել, թե քրեական վարույթի շրջանակում կոնկրետ որ անձանց գործողություններն են քննության առարկա։