9.11.2026
Լուսանկարը` իրանական ԶԼՄ-ներ
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իրանը քայլեր են ձեռնարկում դեպի ռազմավարական գործընկերություն

Լուսանկարը` gov.am
Լուսանկարը` gov.am

Քաղաքական վստահությունն ու աճող ապրանքաշրջանառությունը դառնում են հայ-իրանական հարաբերությունների մակարդակի բարձրացման գլխավոր շարժիչ ուժերը: Միջկառավարական հանձնաժողովի նիստին ընդառաջ՝ Երևանն ու Թեհրանը վերահաստատում են տնտեսական և տարածաշրջանային խոշոր ծրագրերն իրագործելու հանձնառությունը:


Նոյեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ՝ քննարկելով երկկողմ կապերի խորացման հեռանկարները: Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պաշտոնյաները բարձր են գնահատել առևտրատնտեսական համագործակցության զարգացման ներուժը՝ արձանագրելով վերջին տարիներին փոխադարձ առևտրի կայուն աճը։


«Հայաստանի և Իրանի միջև քաղաքական վստահությունն ու փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգը ամուր հիմք են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու համար»,- բանակցությունների ընթացքում ընդգծել է Գրիգորյանը։


Կողմերը նաև գոհունակություն են հայտնել նոյեմբերի 10-ին Երևանում կայանալիք հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների ընթացքի կապակցությամբ։ Հանդիպման առանցքում են եղել տարածաշրջանային կապակցվածության հարցերը: Բանագնացները համակարծիք են եղել, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը, տնտեսական կապերի զարգացումն ու կայունության ամրապնդումը նոր և շահավետ հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար։


Ռազմավարական գործընկերության հաստատման մտադրության մասին պաշտոնապես հայտարարվել էր 2025 թվականի օգոստոսին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երևանյան այցի ժամանակ։ Թեև, ինչպես ավելի վաղ նշել էին ՀՀ ԱԳՆ-ից, համապատասխան փաստաթուղթը դեռևս համաձայնեցման փուլում է, երկրներն ընդլայնում են տնտեսական փոխգործակցությունը: Գլխավոր նպատակը երկկողմ առևտրաշրջանառության ծավալները նախ մեկ, ապա՝ երեք միլիարդ դոլարի հասցնելն է։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 768 միլիոն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 4,2 տոկոսով։


Այս հավակնոտ նպատակների իրագործմանը պետք է նպաստի ենթակառուցվածքային խոշոր նախագծերի իրագործումը, մասնավորապես՝ իրանական ընկերությունների ներգրավմամբ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 32 կիլոմետրանոց Ագարակ-Քաջարան հատվածի շինարարությունը և Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը։

 Լուսանկարը` gov.am
09.11.2026
Հայաստանն ու Իրանը քայլեր են ձեռնարկում դեպի ռազմավարական գործընկերություն