Հայաստանի կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք կարող է ոչ միայն զրկել երկիրը գործող անվտանգային մեխանիզմներից, այլև նոր սպառնալիքներ առաջացնել Ռուսաստանի և Իրանի կողմից։
Նման գնահատական է հնչեցրել ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը՝ նոյեմբերի 9-ին Երևանում անցկացված «Նպատակաուղղված շրջադարձ․ Հայաստանի ապագան ՀԱՊԿ-ում և նոյեմբերի 9-ի համաձայնագրի ճակատագիրը» խորագրով քննարկմանը տեսակապով մասնակցելիս։
Գրիգորյանի համոզմամբ՝ Արևմուտքը Հայաստանին մինչ օրս անվտանգության գործուն երաշխիքներ չի առաջարկել, և հիմքեր չկան ենթադրելու, թե տարածաշրջանում ամերիկյան տնտեսական ներկայության ընդլայնումն ինքնաբերաբար կհանգեցնի նման պարտավորությունների ստանձնմանը։ «Նման պատրաստակամություն գոյություն չունի, նման փաստեր գոյություն չունեն, նման հայտարարություններ, փաստաթղթեր գոյություն չունեն։ Եթե նման բան լիներ, մենք դրա մասին հաստատ կիմանայինք»,- հայտարարել է քաղաքագետը։
Որպես օրինակ նա հիշատակել է Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարների շուրջ 2008 թվականին ծավալված քննարկումները, երբ արևմտյան քաղաքական և փորձագիտական շրջանակներում այդ երկրների անվտանգության վերաբերյալ հրապարակային բանավեճ էր ընթանում։ Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանի դեպքում համադրելի գործընթաց չի նկատվում։
Քաղաքագետն անդրադարձել է նաև TRIPP («Թրամփի ուղի») նախագծին՝ ընդգծելով, որ դրա շրջանակում ԱՄՆ մասնակցությունը չպետք է շփոթել Հայաստանի անվտանգության պաշտպանության պարտավորության հետ։ Նրա խոսքով՝ նախագծի հրապարակված փաստաթղթերում անվտանգության երաշխիքների տրամադրում նախատեսված չէ։
Գրիգորյանը միաժամանակ քննադատել է Հայաստանի իշխանությունների մոտեցումը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին։ Նրա գնահատմամբ՝ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ Ռուսաստանի աջակցության բացակայությունից արված քաղաքական հետևությունները բավարար հիմք չեն գործող անվտանգային համակարգից հրաժարվելու համար, եթե դրան համարժեք այլընտրանք չի ձևավորվել։
«Եթե նույնիսկ ռուսներից մեր դժգոհություններն արդարացված էին այն ժամանակ, այդ քաղաքականությունը միայն մի արդարացում կարող էր ունենալ, եթե մենք իրական այլընտրանք ունենայինք, իրական անվտանգության երաշխիքներ տային մեզ»,- նշել է նա։
Քաղաքագետը զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ անվտանգային կապերի կտրուկ խզումը կարող է փոխել ոչ միայն Մոսկվայի, այլև Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ «Խնդիրն այստեղ այն է, որ մեզ կարիք կլինի պաշտպանվելու նույն Ռուսաստանից ու Իրանից, եթե մենք նման կտրուկ շրջադարձ կատարենք»,- հայտարարել է Գրիգորյանը՝ կասկած հայտնելով, որ նման իրավիճակում Արևմուտքը պատրաստ կլինի Հայաստանին անհրաժեշտ ռազմական աջակցություն տրամադրել։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության հեռանկարներին՝ նա հարց է բարձրացրել, թե ինչու իշխանությունները, կազմակերպությունն անարդյունավետ համարելով հանդերձ, չեն նախաձեռնում դրանից պաշտոնապես դուրս գալու գործընթաց կամ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը։
Գրիգորյանի գնահատմամբ՝ Մոսկվան վերջին ամիսներին ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել Երևանի նկատմամբ՝ փորձելով ստիպել Հայաստանի իշխանություններին հստակեցնել արտաքին քաղաքական առաջնահերթությունները և ընտրություն կատարել Ռուսաստանի ու Արևմուտքի հետ հարաբերությունների միջև։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունը չի կատարել երկրի անվտանգության ապահովման իր պարտավորությունները։ Միաժամանակ Երևանը շարունակում է անդամակցել կառույցին և պաշտոնապես չի հայտարարել դրանից դուրս գալու մասին։