9.11.2026
Լուսանկարը՝ a1plus.am
prev Նախորդ նորություն

Երկաթուղու կառավարման հարցով ռուսական կողմի հետ քննարկումները շարունակվում են․ Խուդաթյան

Լուսանկարը` 168.am
Լուսանկարը` 168.am

Հայաստանի երկաթուղիների կառավարման վերաբերյալ ռուսական կողմի հետ ստեղծված համատեղ աշխատանքային խումբը դեռ չի ավարտել ուսումնասիրությունները։ Դրանց արդյունքներից է կախված՝ Երևանը կշարունակի՞ համագործակցությունը ռուսական կոնցեսիոների հետ, թե՞ կդիտարկի կառավարման այլ տարբերակներ։


Այս մասին նոյեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։


Նրա խոսքով՝ աշխատանքային խումբը շարունակում է գործունեությունը, և առաջիկայում նախատեսվում է ևս մեկ հանդիպում։ Նախարարն ընդգծել է, որ քննարկումները դեռ աշխատանքային փուլում են, ուստի դրանց յուրաքանչյուր փուլի վերաբերյալ հանրային հաղորդագրություններ տարածելու անհրաժեշտություն չի տեսնում։ «Աշխատանքային խումբը պիտի առաջարկ անի Հայաստանի կառավարությանը, թե ինչպես է հնարավոր ավելացնել երկաթուղու երթուղին, ինչպես է հնարավոր որակի բարելավում իրականացնել»,- նշել է Խուդաթյանը։


Նրա պարզաբանմամբ՝ կառավարությունը հետագա որոշումը կկայացնի՝ գնահատելով ներկայացվելիք առաջարկների արդյունավետությունն ու իրականացման հնարավորությունը։ Աշխատանքային խմբին տրված է երեքամսյա ժամկետ, որը դեռ չի լրացել։


Անդրադառնալով երկաթուղային համակարգում միջազգային ներդրումների ներգրավման խոչընդոտներին՝ նախարարը վերահաստատել է, որ ռուսական կառավարման հետ կապված պատժամիջոցային ռիսկերը որոշ միջազգային ֆինանսական կառույցների համար խնդիր են։


Խուդաթյանի խոսքով՝ կան միջազգային կազմակերպություններ, որոնք այլ պայմաններում կարող էին ներդրումներ կատարել Հայաստանի երկաթուղային համակարգում, սակայն ներկայում խուսափում են այդ գործընթացում ներգրավվելուց՝ հաշվի առնելով նաև հնարավոր պատժամիջոցային հետևանքները։


Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008 թվականից 30 տարով՝ մինչև 2038 թվականը, կոնցեսիոն կառավարման է հանձնված «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությանը՝ «Հարավկովկասյան երկաթուղուն» (ՀԿԵ)։ Երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատերը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետությունը։


Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս բարձրացրել է ռուսական կոնցեսիայի փոփոխության անհրաժեշտության հարցը՝ պատճառաբանելով, որ գործող կառավարման մոդելը և Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները սահմանափակում են Հայաստանի երկաթուղիների մրցունակությունն ու նոր ներդրումների ներգրավումը։


Հոկտեմբերի 7-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն ունի ռուսական կոնցեսիան դադարեցնելու իրավական հիմքեր, սակայն նախընտրում է խնդիրը կարգավորել փոխադարձ համաձայնությամբ։ Կառավարությունը քննարկել է նաև երկաթուղիների կառավարումը երրորդ երկրի փոխանցելու հնարավորությունը։


Հոկտեմբերի 14-ին Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզյորովի հանդիպումից հետո որոշվել էր ստեղծել հայ-ռուսական աշխատանքային խումբ։ Դրա խնդիրը երեք ամսվա ընթացքում երկաթուղային համակարգի արդյունավետության բարձրացման և հետագա կառավարման հնարավոր տարբերակների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելն է։


Ռուսական կողմն իր հերթին հայտարարել է, որ մտադիր է շարունակել գործող կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։


Երկաթուղային կառավարման ապագայի շուրջ քննարկումներն ընթանում են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և TRIPP նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքների ֆոնին։ Երևանի համար առանցքային հարցերից մեկն այն է, թե ինչպես ապահովել Հայաստանի երկաթուղային ցանցի մրցունակությունը նոր տարանցիկ ուղիների ձևավորման պայմաններում։

Լուսանկարը`  Alphanews
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` 168.am
09.11.2026
Երևանը պատասխանել է գազի հարցով Մոսկվայի նամակին․ Խուդաթյանը մանրամասներ չի հայտնում