Հայաստանը չի բացառում նոր ատոմակայանը փոքր մոդուլային ռեակտորների փոխարեն ավանդական՝ 1000-1200 մեգավատտ հզորությամբ էներգաբլոկի հիման վրա կառուցելու հնարավորությունը։ Կառավարությունը վերանայում է նախկին մոտեցումը՝ հաշվի առնելով երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկի հնարավոր կտրուկ աճը, այդ թվում՝ արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման հետևանքով։
Այս մասին նոյեմբերի 9-ին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարի խոսքով՝ մեկ-մեկուկես տարի առաջ կառավարությունը հիմնականում դիտարկում էր փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան, քանի որ այն առավել համապատասխան էր Հայաստանի էներգետիկ համակարգի այն ժամանակվա պահանջներին։ Սակայն նոր ներդրումային ծրագրերը փոխել են պահանջարկի վերաբերյալ գնահատականները։
Խուդաթյանն առանձնացրել է արհեստական բանականության ոլորտում նախատեսվող խոշոր նախագծերը, մասնավորապես՝ Firebird ընկերության՝ փուլային եղանակով իրականացվող ծրագիրը։ Նրա գնահատմամբ՝ նման ենթակառուցվածքները կարող են այնքան մեծ ծավալի էլեկտրաէներգիա սպառել, որ Հայաստանում արտադրության ավելցուկի հարցն այլևս արդիական չլինի։
Այդ պայմաններում կառավարությունը զուգահեռաբար ուսումնասիրում է ինչպես մեծ հզորության ավանդական էներգաբլոկի կառուցումը, այնպես էլ մի քանի փոքր մոդուլային ռեակտորների տեղադրման հնարավորությունը։ «Եթե տնտեսական գնահատականը բերի նրան, որ մեզ համար ավելի նպատակահարմար է, և սակագնի վրա ճնշումն ավելի քիչ է լինում, եթե մենք գնանք ավանդական մեծ մոդուլյար ռեակտորներով ատոմականի կառուցմանը, մենք վստահաբար կկայացնենք այդ որոշումը»,- հայտարարել է նախարարը։
Խուդաթյանը շեշտել է, որ վերջնական ընտրության հիմքում լինելու են նախագծի տնտեսական արդյունավետությունն ու էլեկտրաէներգիայի ապագա սակագնի վրա դրա ազդեցությունը։ «Սա քաղաքական որոշման արդյունք չի լինելու, սա լինելու է տնտեսական որոշման արդյունք»,- ընդգծել է նա՝ հիշեցնելով, որ տարբեր երկրների առաջարկների արժեքները կարող են միմյանցից տարբերվել մի քանի միլիարդ դոլարով։
Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման տարբերակներ է քննարկում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ։ Սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդունել էր «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովին, որի հետ քննարկվել էին ինչպես գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը, այնպես էլ ռուսական կողմի առաջարկները նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ։
Հայաստանի գործող ատոմակայանը՝ Մեծամորի ԱԷԿ-ը, ունի մեկ աշխատող՝ շուրջ 407,5 մեգավատտ հզորությամբ էներգաբլոկ։ Պաշտոնական տվյալներով՝ 2025 թվականին ատոմային էներգետիկան ապահովել է Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 21,9 տոկոսը։
Կառավարությունը միաժամանակ շարունակում է գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը։ Դեռ 2023 թվականի դեկտեմբերին որոշվել էր այդ նպատակով շուրջ 65 միլիոն դոլար հատկացնել՝ ռուսական «Ռոսատոմի» մասնակցությամբ անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու համար։ Ծրագրի նպատակն է ապահովել ատոմակայանի աշխատանքը մինչև 2036 թվականը։
Նոյեմբերի 9-ին Խուդաթյանը վերահաստատել է, որ գործող ատոմակայանը նախատեսվում է Հայաստանի էներգետիկ համակարգում պահպանել առնվազն մինչև 2035 թվականը՝ միջազգային անվտանգության պահանջների պահպանմամբ։
Անդրադառնալով ատոմային էներգետիկայից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություններին՝ նախարարը բացառել է, որ Հայաստանի նկատմամբ նման պաշտոնական պահանջ է ներկայացվել։ Նրա խոսքով՝ գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերը քննարկվել են նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ։