11.11.2026
Ժամանակն է վախենալ այս մթնոլորտից
prev Նախորդ նորություն

ՀՀ իշխանությունը որպես Ալիեւի օրակարգի գործիք

Փաշինյանն իշխանություն չի ունենա, եթե պատերից չքերի հերոսների նկարները


«Ի՞նչ է, առաջ իշխանությունը չէ՞ր օգտագործում պետական լծակները՝ ընդդիմադիր կուսակցություններն ու շարժումները ճնշելու համար»: Դա, իհարկե, շատ ուժեղ «փաստարկ» է՝ Փաշինյանի ծավալած քաղաքական բռնաճնշումներն արդարացնելու համար: Եվ դա, իմիջիայլոց, «փաստարկ» է «ես նիկոլական չեմ, բայց» շարքից, երբ մարդիկ մի կողմից չեն ուզում, որ իրենց կապեն պետությունը կործանման ճանապարհով տանող բռնապետի հետ, բայց մյուս կողմից՝ վախենում են ռեժիմի կողմից հետապնդման թիրախ դառնալուց:


Այդ փաստարկին կա երեք պատասխան: 1/ Տրամաբանական. եթե նախորդ տասնամյակներում նման բան կար, դա դեռ չի նշանակում, որ էլի պետք է լինի: 2/ «Քանակական». երբեք չի եղել, որ երեք հիմնական քաղաքական մրցակիցների առաջնորդներն իրենց բազմաթիվ կողմնակիցների հետ լինել կա՛մ անազատության մեջ, կա՛մ, առնվազն, քրեական հետապնդման տակ: 3/ Բովանդակային եւ ամենաէական. կարեւոր է ոչ միայն այն, թե ինչ է արվում, այլեւ՝ ինչի՞ համար, ի՞նչ նպատակով:


Նախորդ շրջաններում քաղաքական հետապնդումների մոտիվացիան մեկն էր՝ պահել իշխանությունը, թույլ չտալ այնպիսի քաղաքական եւ հասարակական ակտիվություն, որը կսասանի իշխանական աթոռը: Հիմա այս մոտիվացիան, բնականաբար, նույնպես կա: Բայց իշխանությունը Փաշինյանին անհրաժեշտ է ոչ միայն որպես «կայֆերի» աղբյուր:


Եվ այստեղ պետք է հիշել ընդդիմադիր ուժերի 4 նպատակները, որոնց հետ ես համաձայն եմ: Այլ հարց է, թե կկարողանա՞ արդյոք ընդդիմությունն այս 4 կետերը դարձնել հասարակական օրակարգ: Հիշեցնեմ դրանք՝ Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում, խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական ազատությունների եւ իրավունքների վերականգնում։ (Վերջին կետում ես «վերականգնում» բառի փոխարեն կգրեի «հաստատում»՝ վերականգնել կարելի է այն, ինչ երբեւէ եղել է):


Դրանք ոչ միայն հասարակական ճիշտ նպատակներ են: Այն, ինչ հիմա Փաշինյանն անում է, նրա՝ իշխանություն ունենալու նախապայմաններն են; Այսինքն՝ ՔՊ առաջնորդն իշխանություն չի՛ ունենա, եթե չկարողանա Հայաստանի վզին փաթաթել Ալիեւի սահմանադրությունը, որովհետեւ Ադրբեջանի նախագահի առջեւ վերցրել է այդ պարտականությունը որպես «խաղաղության» նախապայման: Չնայած հիմա հարեւան երկրի բարձրաստիճան ներկայացուցիչներն ակնարկում են, որ դա վերջին նախապայմանը չի:


Փաշինյանը իշխանություն չի ունենա, եթե պատերից չքերի հերոսների նկարները, եթե չաղավաղի մեր պատմությունը, եթե չպախարակի ղարաբաղյան շարժումը, եթե Ամենայն հայոց կաթողիկոսի փոխարեն չփորձի նշանակել «29.743 քառ. կիլոմետրի կաթողիկոս»: Փաշինյանը իշխանության չի մնա, եթե չգնա նոր տարածքային զիջումների՝ ինչպիսի դեմագոգիայով էլ փորձի դրանք «քողարկել»: Դրանք բոլորը ոչ միայն Ալիեւի պահանջներն են, այլեւ, կարծում եմ, աշխարհաքաղաքական կենտրոնների:


Ահա թե ինչի համար է պետք ՔՊ առաջնորդին՝ ճնշել ժողովրդավարական ազատություններն ու իրավունքները՝ կրկնեմ, աննախադեպ մասշտաբներով: Եթե, օրինակ, իշխանությունը թույլ տար, որ 2026 թվականին արդար ընտրություններ տեղի ունենային, եթե, մասնավորապես, քվեարկություններից առաջ ու քվեարկության օրը զանգվածային ձերբակալություններ չիրականացներ, եթե չչեղարկեր ԲՀԿ-ի ձայները, ապա ՔՊ-ն չէր ունենա նույնիսկ այսօրվա խարխուլ «մեծամասնությունը»:


Այնպես որ, պատասխանելով հոդվածի սկզբին դրված հարցին՝ «արդյոք առաջ այդպես չէ՞ր», ես հանգիստ խղճով կարող եմ պնդել՝ «ոչ, այդպես չէր՝ երբեք պետությունն այնքան վտանգված չէր, որքան հիմա»:


Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


«Առավոտ» օրաթերթ


 


 


 

Գլխակեր համակարգի հերթական զոհը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` 168.am
09.11.2026
Երևանը պատասխանել է գազի հարցով Մոսկվայի նամակին․ Խուդաթյանը մանրամասներ չի հայտնում