12.11.2026
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
prev Նախորդ նորություն

Բանտում մահացած Արսեն Գևորգյան համար շտապօգնությունը ժամանել է կանչից 16 րոպե անց. Գալյան

Լուսանկարը` Screenshot / 24 news
Լուսանկարը` Screenshot / 24 news

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պնդում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացումից հետո բուժօգնությունը կազմակերպվել է առանց անհարկի ուշացումների։


Նոյեմբերի 12-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարար Գալյանը հայտնել է, որ շտապօգնությունը կալանավայր է հասել կանչից 16 րոպե անց, իսկ դեպքի հանգամանքները դեռ քննության առարկա են։


Ստեփանավանի համայնքապետի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախկին թեկնածու Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նա հոկտեմբերի 21-ից կալանավորված էր ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։ Գևորգյանը չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա մահը քաղաքական և իրավապաշտպան շրջանակներում հարցեր է առաջացրել կալանքի հիմնավորվածության, բժշկական օգնության հասանելիության և պետական մարմինների պատասխանատվության վերաբերյալ։


Գալյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկի միջանցքում տեղադրված տեսախցիկները արձանագրել են դեպքերին հաջորդած գործողությունների ժամանակագրությունը։ Կալանավորի ինքնազգացողության վատթարացման մասին տեղեկանալուց հետո ծառայողը մոտեցել է խցին, կանչել բուժաշխատողին, իսկ վերջինիս միջամտությունից հետո շտապօգնություն է հրավիրվել։


«Շտապօգնությունը 16 րոպեների ընթացքում է մտել քրեակատարողական հիմնարկ»,- հայտարարել է նախարարը։


Նրա փոխանցմամբ՝ քաղաքային բնակավայրերում շտապօգնության ժամանման սահմանված ժամանակը 15 րոպե է, որը որոշակի հանգամանքներում կարող է երկարաձգվել մինչև 20 րոպե։ Գալյանի գնահատմամբ՝ տվյալ դեպքում շտապօգնությունն արձագանքել է մոտավորապես այն ժամկետում, որով սպասարկում է նաև ազատության մեջ գտնվող քաղաքացիներին։


Անդրադառնալով Գևորգյանի առողջական վիճակին՝ նախարարը հայտնել է, որ այդ հարցով զրուցել է առողջապահության նախարարի հետ։ Ըստ իրեն փոխանցված տեղեկությունների՝ Գևորգյանի ամբուլատոր քարտում սրտի իշեմիկ հիվանդության վերաբերյալ գրանցումներ չեն եղել։ Նման գանգատներ, նախարարի խոսքով, չեն ներկայացվել նաև դատական նիստի ընթացքում կամ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ։


«Մենք գործ ունենք դժբախտ պատահարի հետ, իհարկե իրավական գնահատական նաև վարույթի շրջանակներում կտրվի, նաև մեր քննության ընթացքում կտրվի»,- ասել է Գալյանը։


Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ կալանավայրում յուրաքանչյուր մահվան դեպք ենթակա է ուսումնասիրության։ Նրա տեղեկացմամբ՝ Գևորգյանի մահը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այս տարվա ընթացքում գրանցված չորրորդ դեպքն է։ Տվյալ մահվան հանգամանքները քննվում են ինչպես քրեական վարույթի, այնպես էլ ներքին ուսումնասիրության շրջանակում։


Լրագրողները բարձրացրել են նաև Գևորգյանի նկատմամբ մինչև դատարանի վերջնական որոշումը հնչեցված հրապարակային մեղադրանքների և դրանց հնարավոր հոգեբանական ազդեցության հարցը։


Գալյանն արձագանքել է, որ առանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտի անձի մեղավորության մասին խոսելն անընդունելի է։ Միաժամանակ նա հրաժարվել է ենթադրություններ անել, թե արդյոք կալանավորի հոգեբանական ապրումները կարող էին հանգեցնել նրա մահվանը՝ նշելով, որ ծանոթ չի եղել Գևորգյանի առողջական վիճակին և հուզական ապրումներին։


«Եթե չկա ուժի մեջ մտած դատական ակտ, խոսել մեղավորության մասին ճիշտ չէ»,- ընդգծել է նախարարը։


Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին՝ Գալյանը նշել է, որ կալանավորումների մեծ թիվը ցանկալի չէ նաև իր ղեկավարած գերատեսչության համար։ Նրա խոսքով՝ կալանքը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, իսկ օրենսդրությունը նախատեսում է ազատությունից չզրկող այլընտրանքային խափանման միջոցներ։


«Կալանավորումը նախարարությունը չի իրականացնում, միջնորդությունը նախարարությունը չի ներկայացնում, որոշումը նախարարությունը չի կայացնում։ Նախարարությունն ուղղակի ապահովում է խափանման միջոցի կիրառումը»,- հայտարարել է Սրբուհի Գալյանը։


Գալյանը նաև դրական է գնահատել ընդդիմության ուշադրությունը մահվան դեպքի նկատմամբ՝ նշելով, որ հանրային վերահսկողությունն իշխանություններին ստիպում է առավել մանրակրկիտ ուսումնասիրել իրենց գործողությունները։ Սակայն նա հորդորել է նույն ուշադրությունը դարձնել քրեակատարողական հիմնարկներում արձանագրված բոլոր մահվան դեպքերին։


Արսեն Գևորգյանի մահվան առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։ Դրա վերջնական եզրակացությունը դեռ չի հրապարակվել։

Գեղարքունիքում պաշտոնյան և դպրոցի 4 տնօրեն կկանգնեն դատարանի առաջ՝ կաշառքի գործով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
12.11.2026
Թորոսյանը չի կապում Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը ԵՄ-ին հարցում նրա դիրքորոշման հետ