12.11.2026
Գեղարքունիքում պաշտոնյան և դպրոցի 4 տնօրեն կկանգնեն դատարանի առաջ՝ կաշառքի գործով
prev Նախորդ նորություն

Քոչարյանի խցից հանել են երկրորդ մահճակալը․ Գալյանը՝ պահման պայմանների մասին

Կոլաժը` VERELQ
Կոլաժը` VERELQ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահվում է շուրջ 7-7,5 քառակուսի մետր մակերեսով խցում, որտեղ նրա դիմումի հիման վրա հեռացվել է երկրորդ մահճակալը։ Այս մասին նոյեմբերի 12-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական գործիչների պահման պայմանների վերաբերյալ բողոքներին։


Նախարարն ընդգծել է, որ քրեակատարողական հիմնարկներում չպետք է լինեն արտոնյալ պայմաններ, սակայն պետությունը պարտավոր է ապահովել բոլոր կալանավորված անձանց արժանապատիվ կեցությունը։


Գալյանի խոսքով՝ Քոչարյանի թիմակիցների բարձրաձայնած խնդիրները քննարկման ենթակա են, սակայն պահման պայմանների նկատմամբ ուշադրությունը չպետք է սահմանափակվի միայն առանձին քաղաքական գործիչներով։


«Լավ է, որ Քոչարյանի թիմակիցներն ասում են, որ խափանման միջոցի կրման պայմանները վատն են, բայց վատ է, որ ասում են, որ Քոչարյանի խափանման միջոցի կրման պայմաններն են վատ»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ քաղաքական գործիչները պետք է հետաքրքրվեն անազատության մեջ գտնվող բոլոր անձանց պայմաններով։


Նրա խոսքով՝ նախկին նախագահի խուցը նախկինում նախատեսված է եղել մեկից ավելի անձանց համար։ Սակայն Քոչարյանի կողմից ներկայացված դիմումում նշվել է, որ վերևի մահճակալը խանգարում է նստելուն, տեղաշարժվելուն և սահմանափակում բնական լույսի ներթափանցումը։


«Մենք ընդառաջ ենք գնացել այդ խնդրանքին և հանել ենք երկրորդ մահճակալը»,- հայտնել է Գալյանը։


Նախարարի խոսքով՝ միջազգային չափանիշներով յուրաքանչյուր կալանավորված անձի համար անհրաժեշտ է ապահովել առնվազն չորս քառակուսի մետր տարածք։ Քոչարյանի խցում երկրորդ անձի տեղավորումը, ըստ նրա, թույլ չէր տա պահպանել այդ պահանջը, ուստի նախկին նախագահը խցում մենակ է։


Գալյանը միաժամանակ բացառել է, որ կատարված փոփոխությունը կարելի է համարել հատուկ կամ արտոնյալ վերաբերմունք նախկին նախագահի նկատմամբ։


«VIP պայմաններ կարծում եմ, որ չպետք է լինեն քրեակատարողական հիմնարկներում։ Պետք է լինեն այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան չոտնահարել անձի արժանապատվությունը և չհանգեցնել վատ վերաբերմունքի»,- հայտարարել է նա։


Անդրադառնալով Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ընդհանուր վիճակին՝ նախարարը խոստովանել է, որ դրանցից մի քանիսում շարունակում են առկա լինել ենթակառուցվածքային լուրջ խնդիրներ։ Առավել վատ վիճակում գտնվող հիմնարկը, նրա գնահատմամբ, «Նուբարաշենն» է։


Գալյանի խոսքով՝ կառավարությունը ժառանգել է հնացած քրեակատարողական ենթակառուցվածքներ, որոնց բարելավման ուղղությամբ վերջին տարիներին աշխատանքներ են իրականացվել։


Նա հայտնել է, որ ամբողջությամբ վերակառուցվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը, գրեթե ամբողջությամբ՝ «Վանաձորը», վերանորոգումներ են կատարվել նաև «Գորիսում» և սկսվել «Արմավիրում»։ Վերջինում, մասնավորապես, լուծվել է շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը, վերանորոգվել են կարանտինային և տեսակցությունների համար նախատեսված տարածքները։


Նախարարի տեղեկացմամբ՝ փակվել է նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը, իսկ «Արմավիրում» ստեղծվել է 100 մահճակալանոց հիվանդանոցային բաժանմունք՝ ժամանակակից բժշկական սարքավորումներով։


Միաժամանակ Գալյանը խոստովանել է, որ նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման ծրագիրը տարիներ շարունակ չի իրականացվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Նրա խոսքով՝ պետական միջոցները տարբեր ժամանակահատվածներում վերաբաշխվել են պատերազմի, կորոնավիրուսի համավարակի և այլ առաջնահերթությունների պատճառով։


Այժմ կառավարությունը նախատեսում է նոր քրեակատարողական հիմնարկ կառուցել պետություն-մասնավոր գործընկերության միջոցով։


Նախարարը, սակայն, չի հստակեցրել ծրագրի ֆինանսավորման ծավալներն ու շինարարության մեկնարկի ժամկետները։


Գալյանի խոսքով՝ նպատակը ոչ թե առանձին կալանավորված անձանց համար արտոնյալ պայմաններ ստեղծելն է, այլ ամբողջ քրեակատարողական համակարգում պահման պայմանների բարելավումը և մարդու արժանապատվության պաշտպանության ապահովումը։

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների փաթեթին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
12.11.2026
Թորոսյանը չի կապում Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը ԵՄ-ին հարցում նրա դիրքորոշման հետ