16.11.2026
Լուսանկարը` www.concourt.am
prev Նախորդ նորություն

«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է պարզեցնել ԵՄ-ում գրանցված դեղերի մուտքը Հայաստան

Եվրամիության երկրներում գրանցված դեղերը Հայաստանում գրանցել առանց կրկնակի լաբորատոր փորձաքննության՝ պետական տուրքը սահմանելով 50 հազար դրամ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջարկած փոփոխությունները, հեղինակների գնահատմամբ, կընդլայնեն դեղերի ընտրությունը և մրցակցության աճի շնորհիվ կնպաստեն դրանց էժանացմանը։


«Դեղերի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքների փոփոխությունների փաթեթը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը։


Նախաձեռնությամբ առաջարկվում է գործող ընթացակարգերին ավելացնել «ճանաչման գրանցման» նոր մեխանիզմ։ Այն թույլ կտա ԵՄ անդամ երկրներում գրանցված և ազատ շրջանառվող դեղերը Հայաստանում գրանցել փաստաթղթային փորձաքննության հիման վրա՝ առանց կրկնակի լաբորատոր հետազոտության և գրանցման փաստաթղթերի ամբողջական փաթեթի։


Հարությունյանի հիմնավորմամբ՝ այդ դեղերն արդեն ստուգվել են եվրոպական համապատասխան մարմինների կողմից, և նույն փորձաքննությունը Հայաստանում կրկնելու անհրաժեշտություն չկա։


Պատգամավորը նշել է, որ Հայաստանում գրանցված 3997 դեղերի զգալի մասը նույն ազդող նյութն ունեցող տարբեր ապրանքանիշեր են։ Նրա վկայակոչած՝ դեղագետների հաշվարկով, այդ ցանկում տարբեր դեղերի թիվը մոտ 1200 է։


«Մենք ունենք մոտավորապես 1200 հատ դեղ, մնացածը նույն դեղերն են նույն ազդող նյութերով, տարբեր բրենդավորված տեսքով, տարբեր տուփերով, տարբեր անվանումներով»,- ասել է Հարությունյանը։


Փաթեթով առաջարկվում է նաև ընդլայնել գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունեցող տնտեսվարողների շրջանակը։ Նոր ընթացակարգից կկարողանան օգտվել Հայաստանում դեղերի մեծածախ իրացման լիցենզիա և պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ունեցող մատակարարները՝ ստանձնելով գրանցման հավաստագրի իրավատիրոջ պարտականությունները։


Հարությունյանի խոսքով՝ այդ փոփոխությունը հնարավորություն կտա ավելի շատ ընկերությունների գրանցել և ներմուծել եվրոպական դեղեր։ Միաժամանակ ճանաչման գրանցման պետական տուրքն առաջարկվում է սահմանել 50 հազար դրամ։ Պատգամավորը պնդել է, որ գործող ընթացակարգերով վճարները որոշ դեպքերում հասնում են մեկից երկու միլիոն դրամի։


Նա ակնկալում է, որ գրանցման ծախսերի նվազումն ու շուկայի մասնակիցների թվի աճը կնպաստեն դեղերի գների իջեցմանը։ Որպես օրինակ Հարությունյանը մատնանշել է Վրաստանը՝ նշելով, որ Հայաստանի քաղաքացիները հաճախ դեղեր են գնում այնտեղ՝ ավելի մատչելի գների պատճառով։


Կոչ անելով իշխող մեծամասնությանը աջակցել նախաձեռնությանը՝ պատգամավորն ընդգծել է․ «Հիվանդ մարդուն քաղաքական արդարացումներ պետք չեն, հիվանդ մարդուն պետք է բուժում»։

 Լուսանկարը` Economy of Armenia տելեգրամյան ալիք
16.11.2026
Ստամբուլն ու Երևանը կապվել են կանոնավոր բեռնատար չվերթերով․ ցամաքային սահմանը դեռ փակ է