16.11.2026
Լուսանկարը՝ ադրբեջանական ԶԼՄ-նեևմր
prev Նախորդ նորություն

Ստամբուլն ու Երևանը կապվել են կանոնավոր բեռնատար չվերթերով․ ցամաքային սահմանը դեռ փակ է

Լուսանկարը` Economy of Armenia տելեգրամյան ալիք
Լուսանկարը` Economy of Armenia տելեգրամյան ալիք

Turkish Cargo-ն սկսել է կանոնավոր բեռնատար չվերթեր Ստամբուլի և Երևանի միջև՝ ընդլայնելով ուղիղ բեռնափոխադրումների հնարավորությունները Հայաստանի ու Թուրքիայի միջև։ Առաջին չվերթը կատարվել է նոյեմբերի 15-ին՝ երկու երկրների միջև ցամաքային սահմանի բացման շուրջ չիրագործված պայմանավորվածությունների ֆոնին։


Turkish Airlines-ի բեռնափոխադրումների ստորաբաժանման հաղորդագրության մասին հայտնում է «Արմենպրեսը»՝ հղում անելով Ermenihaber-ին։ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով Turkish Airlines-ի կանոնավոր ուղևորատար չվերթերը մեկնարկել են 2026 թվականի մարտին։


Ուղիղ օդային բեռնափոխադրումներ սկսելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպմանը։ Նույն հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին հնարավորինս շուտ ապահովել ցամաքային սահմանի հատումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրերով անձանց համար։


Օդային բեռնափոխադրումների արգելքի վերացման մասին Թուրքիան պաշտոնապես տեղեկացրել էր դեռ 2023 թվականի հունվարի 6-ին։ Այսպիսով, նոր չվերթերի մեկնարկը նախկինում թույլատրված բեռնափոխադրումների գործնական իրականացնումն է։


Մինչդեռ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածությունը դեռ չի իրականացվել։ Նոյեմբերի 10-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր, որ Անկարան ավարտել է սահմանային անցումների նախապատրաստական աշխատանքները՝ դրանց գործարկումը կապելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հոկտեմբերին հայտարարել էր․ «Ադրբեջանն այս հարցում որոշակի վերապահումներ ունի»։ Նրա խոսքով՝ Երևանը շարունակում է աշխատել Անկարայի և Բաքվի հետ՝ սահմանի բացման շուրջ լուծումների հասնելու համար։


Թուրքիան Հայաստանի հետ ցամաքային սահմանը փակել է 1993 թվականին՝ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ի աջակցություն Ադրբեջանի։ Այդ ժամանակից ի վեր սահմանը չի բացվել կանոնավոր երթևեկության համար, իսկ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել։ Այսօր սահմանը փակ պահելու հարցում Անկարան շարունակում է հաշվի առնել Բաքվի դիրքորոշումը՝ չնայած Երևանի հետ հարաբերությունների կարգավորման առանձին բանակցություններին։

 Լուսանկարը` Economy of Armenia տելեգրամյան ալիք
16.11.2026
Ստամբուլն ու Երևանը կապվել են կանոնավոր բեռնատար չվերթերով․ ցամաքային սահմանը դեռ փակ է