Երկրորդ շարքում կայանելու, երեխաների փոխադրման և ճանապարհային որոշ նշանների պահանջները խախտելու համար տուգանքները Հայաստանում կարող են քառապատկվել՝ 5000-ից հասնելով 20 հազար դրամի։ Պատասխանատվությունը խստացնող օրենսդրական փաթեթը նոյեմբերի 16-ին դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում և ընդգրկվել լիագումար նիստի օրակարգում։
Նախագիծը ներկայացրած ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով՝ փոփոխություններն ուղղված են խցանումների նվազեցմանն ու ճանապարհային անվտանգության բարձրացմանը։ Նախարարության ուսումնասիրությամբ՝ մի շարք խախտումներ խոչընդոտում են երթևեկությանը կամ վտանգում վարորդներին, ուղևորներին ու հետիոտներին։
Երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում կայանելու համար առաջարկվում է սահմանել 20 հազար դրամ տուգանք՝ գործող 5000-ի փոխարեն, իսկ տուգանային միավորը 0,25-ից բարձրացնել մեկի։ Եթե կանգառի կամ կայանման կանոնների խախտման հետևանքով մեքենան տարհանվում է, տուգանքը 20 հազարից կդառնա 29 հազար դրամ, իսկ տուգանային միավորը՝ 0,5-ից մեկ։
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնների խախտման համար ևս նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք և մեկ տուգանային միավոր։ Նույն չափի տուգանք, բայց երկու տուգանային միավոր է առաջարկվում «Մուտքն արգելվում է» և բեռնատարների երթևեկությունն արգելող նշանների պահանջները չկատարելու համար։ «Կանգառն արգելվում է» նշանի խախտման դեպքում նախատեսվում է 20 հազար դրամ և մեկ տուգանային միավոր։
Փոխնախարարի փոխանցմամբ՝ տուգանքների վճարման արտոնությունները կպահպանվեն։ Համապատասխան պայմանները կատարելու դեպքում 20 հազար դրամ տուգանքը հնարավոր կլինի վճարել 11 200 դրամի չափով։
Փաթեթը նախատեսում է նաև վարորդների՝ թմրամիջոցների օգտագործման ստուգումը տեխնիկական միջոցներով տեղում իրականացնելու հնարավորություն։ Մկրտչյանի խոսքով՝ դա կարագացնի ընթացակարգը։ Այս խախտման համար նախատեսված՝ երկու տարով վարելու իրավունքից զրկելու պատասխանատվությունը չի փոխվում։
Էլեկտրական ինքնագլոր վարելը առաջարկվում է թույլատրել 16 տարին լրացած անձանց։ Մայթերում և հետիոտնային գոտիներում առավելագույն արագությունը կսահմանվի ժամում 10 կիլոմետր, իսկ տեխնիկական սահմանափակիչները պետք է կանխեն այդ արագության գերազանցումը։
Հանձնաժողովում Մկրտչյանը ներկայացրել է նաև քաղաքացիների տեսագրած խախտումները ոստիկանությանը փոխանցելու կարգը պարզեցնելու առաջարկներ։ Մասնավորապես, առաջարկվում է վերացնել համապատասխան հավելվածում անձը հաստատող փաստաթղթով խիստ նույնականացման պահանջը և նույն մեքենայի խախտումները ներկայացնելու քանակային սահմանափակումը։
«Մենք չենք ստանում այդ հավելվածից և առհասարակ այդ պրոցեսից մեր ցանկալի արդյունքները»,- հայտարարել է փոխնախարարը՝ նշելով, որ գործող պահանջները դժվարություններ են ստեղծում քաղաքացիների համար։
ՆԳՆ-ն նախագիծը հանրային քննարկման էր ներկայացրել հոկտեմբերի 21-ին, իսկ կառավարությունը հաջորդ օրը հավանություն էր տվել այն Ազգային ժողով ուղարկելուն։ Հանձնաժողովի դրական եզրակացությունը դեռ չի նշանակում փոփոխությունների ուժի մեջ մտնելը․ փաթեթը պետք է քննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։