19.11.2026
Երևանում թմրանյութ իրացնելու կասկածանքով 20-ամյա կին է ձերբակալվել
prev Նախորդ նորություն

Փաշինյան. Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն Ադրբեջանում են

Դուբլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկվել է նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման գործընթացն առավել ինստիտուցիոնալ դարձնելու հարցը։ Այս մասին «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» համաժողովի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր ունի շուրջ 1000 անհետ կորած անձանց խնդիր։ Նրանցից մոտ 800-ը համարվում են անհետ կորած դեռևս 1990-ականների սկզբից, իսկ մյուսները՝ 2020 թվականի և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով։


Վարչապետն ընդգծել է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն, քանի որ անհետ կորածներին առնչվող մի շարք հարցեր դուրս են Հայաստանի տարածքից և կառավարության լիազորությունների շրջանակից։


«Ակնհայտ է, որ այս խնդրի լուծման ամենաարդյունավետ ձևը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է»,– հայտարարել է Փաշինյանը։


Նա խոսել է նաև անհետ կորածների հարազատների և կառավարության միջև առկա անվստահության մասին՝ նշելով, որ ընտանիքներից շատերը կասկածում են, թե իշխանությունները որոշակի տեղեկություններ ունեն, սակայն դրանք չեն հրապարակում։


Փաշինյանը վստահեցրել է, որ նույնիսկ միջազգային ամենաբարձր մակարդակներում հարցը քննարկելուց հետո չունի որևէ տեղեկություն, որը թաքցնում է անհետ կորածների հարազատներից։


Վարչապետի գնահատմամբ՝ փոխադարձ անվստահություն կա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Երկու կողմերն էլ ենթադրում են, որ մյուսն ունի տեղեկություններ, որոնք չի փոխանցում։


«Ադրբեջանը կարծում է, որ մենք ունենք տեղեկություններ, որոնք չենք կիսում իրենց հետ։ Մենք էլ, բնականաբար, կարծում ենք, որ իրենք ունեն տեղեկություններ, որոնք չեն կիսում մեզ հետ»,– նշել է նա՝ ընդգծելով, որ այս անորոշության պայմաններում անհրաժեշտ է լուծել հումանիտար, քաղաքական, սոցիալ-հոգեբանական և բարոյական լուրջ խնդիրներ։


Փաշինյանը նաև հայտարարել է, որ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը ՀՀ կառավարության և պետական մարմինների պատասխանատվության շրջանակում է։ Կառավարությունը պատրաստ է աջակցել նրանց հարազատներին՝ համապատասխան միջազգային կառույցների հետ առավել համակարգված համագործակցություն հաստատելու հարցում։


Նրա հավաստմամբ՝ հայկական կողմը շարունակաբար ջանքեր է գործադրում անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ՝ փորձելով խորացնել համագործակցությունն Ադրբեջանի հետ։


«Մեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն օբյեկտիվորեն հենց այնտեղ են, փոխադարձաբար էլ Ադրբեջանին հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ Հայաստանում են»,– ընդգծել է վարչապետը։


 

 Լուսանկարը` mfa.am
16.11.2026
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են ԵՄ-ի հետ գործընկերությունն ու խաղաղությունը