Տուգանվել են էլեկտրոնային հաղորդակցության երեք խոշոր օպերատորներ
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ընդհանուր շուրջ 87.5 մլն ՀՀ դրամի չափով տուգանք է կիրառել Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության շուկայի երեք խոշոր օպերատորների՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի, «Յուքոմ» ՓԲԸ-ի և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի նկատմամբ հակամրցակցային համաձայնություն կնքելու համար։
Իրականացված վարույթով պարզվել է, որ օպերատորները գրեթե միաժամանակ վերանայել են վճարահաշվարկային կազմակերպությունների («Թել‑Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» և «Ֆասթ Շիֆթ») հետ համագործակցության պայմանները՝ ներկայացնելով նույնանման առաջարկներ՝ միջնորդավճարների չափերը նվազեցնելու պահանջով։ Այնուհետև, նոր սակագների շուրջ համաձայնության չգալով, օպերատորները միակողմանիորեն դադարեցրել են վերջիններիս հետ գործող պայմանագրերը՝ նպատակ ունենալով առաջ մղել իրենց հետ փոխկապակցված վճարային համակարգերը («Մոբիդրամ», «Յուփեյ» և «Թիմ Փեյ»)։
Արդյունքում՝ պայմանագրերի լուծումից անմիջապես հետո արձանագրվել է օպերատորների սեփական հավելվածների ներբեռնումների, հաճախորդների թվի և վճարային հոսքերի կտրուկ աճ, որը նվազել է միայն Հանձնաժողովի միջամտությամբ՝ միջանկյալ միջոցի կիրառումից հետո։
Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարին Հանձնաժողովը միջանկյալ միջոց էր կիրառել, որի արդյունքում վերականգնվել էին նախկին պայմանագրային հարաբերությունները, և սպառողները կրկին հնարավորություն էին ստացել օգտվելու նշված վճարային համակարգերից։